Համր եկեղեցին

Համր եկեղեցին

Հեղինակ՝ Մաքսիմ Մակարով
 

Շատ վաղուց ապրում էր մի ծեր սուրբ, ով շատ էր աղոթում և վշտանում մարդկանց մեղքերի համար: Նա տարակուսում էր, թե ինչպես է լինում, որ մարդիկ գնում են եկեղեցի, աղոթում, և այնուամենայնիվ, շարունակում են մեղքեր գործել:


- Տեր Աստված, միթե Դու չես լսում մեր աղոթքները: Մարդիկ մշտապես աղոթում են խաղաղության և անդորրի համար, սակայն դա նրանց չի հաջողվում: Մի՞թե զուր են նրանց աղոթքները, - մտածում էր նա:


Մի օր այդ մտքերով տարված՝ նա քնեց և երազ տեսավ: Երազում մի լուսավոր հրեշտակ նրան առավ իր թևերին և բարձրացավ երկինք: Որքան ավելի վեր էին բարձրանում նրանք, այնքան ավելի էին ցածրանում երկրից լսվող ձայները: Շուտով մարդկանց ձայներն այլևս չէին լսվում, երբեմն-երբեմն լսվում էին հեռվից եկող ներդաշնակ մեղմ հնչյուններ:


- Այդ ի՞նչ ձայներ են, - հարցրեց ծերունին:
- Դրանք աղոթքներ են, միայն աղոթքներն են լսվում այստեղ, - պատասխանեց հրեշտակը:
- Բայց ինչո՞ւ են դրանք այդքան թույլ հնչում, ինչո՞ւ են այդքան քիչ ձայներ լսվում: Չէ՞ որ հիմա ամբողջ ժողովուրդն աղոթում է:


Հրեշտակը նայեց ծերունուն. նրա հայացքը շատ տխուր էր:


- Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու: Դե, տես:


Ներքևում երևում էր մի մեծ եկեղեցի: Հրաշքով եկեղեցու կամարները բացվեցին, և ծերունին կարող էր տեսնել, թե ինչ էր տեղի ունենում ներսում: Եկեղեցին մարդաշատ էր, արարողության ընթացքում երգում էր մեծ երգչախումբ, հոգևորականը կրում էր ծիսական հագուստ: Չնայած ընթացող արարողությանը՝ ոչ մի ձայն չէր լսվում: Երևում էր, որ հոգևորականն ինչ-որ բան էր ընթերցում՝ շարժելով շրթունքները, բայց բառեր չէին լսվում: Ապա սարկավագը սկսեց երգել, սակայն կրկին ոչ մի ձայն չէր լսվում: Երգչախումբը նույնպես միացավ սարկավագին, սակայն՝ ոչ մի ձայն: Բոլորի շրթունքները շարժվում էին, սակայն երգեցողություն չէր լսվում: Եկեղեցում լռություն էր տիրում:


- Ի՞նչ է կատարվում, - տարակուսած հարցրեց ծերունին:
- Իջնենք, և ինքդ կհասկանաս, – պատասխանեց հրեշտակը:


Հրեշտակն ու ծերունին իջան եկեղեցի՝ անտեսանելի մնալով բոլորին: Առջևում կանգնած շքեղ հագնված մի կին ջերմեռանդորեն աղոթում էր: Հրեշտակը մոտեցավ և ձեռքով դիպավ նրան, և ծերունին տեսավ կնոջ սիրտն ու կարդաց նրա մտքերը. «Փոստատան աշխատակցուհին նոր գլխարկ է կրում: Ամուսինը հարբեցող է, երեխաները՝ քրջոտ թափառաշրջիկներ, իսկ նա զուգվել-զարդարվել, իրեն է ցուցադրում», - մտածում էր նա:
Կնոջ կողքին կանգնած էր մի վաճառական և մտախոհ նայում էր սրբապատկերին: Հրեշտակը դիպավ նրան, և ծերունին կարդաց նրա մտքերը. «Գործերս վատ են, ապրանքի գինն ընկավ, ես կորցրեցի հազարներ, գուցեև ավելին…»


Քիչ այն կողմ կանգնած էր մի երիտասարդ: Նա գրեթե չէր աղոթում, այլ անդադար նայում էր ձախ կողմում կանգնած կանանց: Հրեշտակը դիպավ նրան, և ծերունին կարդաց նրա մտքերը. «Ինչ գեղեցիկ է Անետը: Գրավիչ է թե դեմքը, թե քայլվածքը, նաև աշխատասեր է: Երանի թե այդպիսի կին ունենայի… Տեսնես կամուսնանա՞ ինձ հետ»:


Հրեշտակը շատերին դիպավ, և բոլորն էլ նմանատիպ սին ու դատարկ, կենցաղային, առօրյա մտքերով էին տարված: Գտնվելով Աստծո տանը՝ նրանք Տիրոջ մասին չէին մտածում, այլ միայն ձևացնում էին, թե աղոթում են:
- Հիմա հասկանո՞ւմ ես. նման աղոթքները մեզ չեն հասնում: Դրա համար էլ թվում է, թե նրանք համր են, փորձում են խոսել, բայց ձայն դուրս չի գալիս, - բացատրեց հրեշտակը:


Այդ պահին հստակ լսվեց մանկական մի ձայն.
- Տեր Աստված, Դու բարի ու մեծահոգի ես: Խնդրում եմ, գթա և փրկիր խեղճ մայրիկիս, - եկեղեցու անկյունում, պատին սեղմված, արցունքն աչքերին աղոթում էր մի փոքրիկ տղա:


Հրեշտակը դիպավ նրան, և ծերունին տեսավ նրա վշտահար և սիրառատ սիրտը:
- Ահա այսպիսի աղոթքներն են մեզ համար լսելի, - ասաց հրեշտակը:


«Ես՝ Տերս, քննում եմ սրտերը ու փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»: (Եր. 17.10):
«Տերը քննում է արդարին և ամբարիշտին, ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր»: (Սղմ. 10.6):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×