Մի թագավորի նվիրեցին սոխակի ձագուկ: Թագավորական որսորդը խնամեց և մեծացրեց նրան, սակայն ոչ մի կերպ չկարողացավ թռչել սովորեցնել: Սոխակը հրաժարվում էր հեռանալ այն ճյուղից, որտեղ նրան նստեցել էին, երբ դեռ ձագուկ էր: Թագավորը հաճախ էր պալատի պատուհանից հետևում, թե ինչպես էր որսորդը վարժեցնում մյուս թռչուններին, սակայն սոխակը միշտ մնում էր նստած ծառի ճյուղին: Ի վերջո որսորդը թագավորին հայտնեց, որ ոչինչ չի կարող անել սոխակի հետ, անգամ ստիպված է նրա կերը տանել ծառի ճյուղի մոտ:
Թագավորը սուրհանդակներ ուղարկեց տարբեր կողմեր՝ խորհուրդ ստանալու, թե ինչպես վարվել սոխակի հետ՝ թռչել սովորեցնելու համար: Հաջորդ առավոտյան նա տեսավ սոխակին սավառնելիս:
- Բերեք ինձ մոտ այդ հրաշքն իրականացնողին, - կարգադրեց արքան:
Ներս բերեցին մի հասարակ գյուղացու:
- Դե, ասա տեսնեմ, ինչպե՞ս ստիպեցիր սոխակին թռչել: Դու կախա՞րդ ես, - հարցրեց թագավորը:
- Դա բոլորովին դժվար չէր, Ձերդ Մեծություն: Ես պարզապես կտրեցի այն ճյուղը, որի վրա նստած էր սոխակը, և նա, արդեն հասկանալով, որ թևեր ունի և կարող է թռչել, թռավ, - պատասխանեց գյուղացին:
Այդպես էլ մարդկանց մոտ է: Մեզնից ոմանք նստած են ճյուղին և չեն թռչում, որովհետև չգիտեն, որ թևեր ունեն: Կյանքում որոշ իրադարձություններ կտրում են հարմարավետության և սովորույթների այդ ճյուղը, և այդ ժամանակ է, որ նրանք իմանում են, որ թռչել գիտեն: Ոմանք ունեն ամեն ինչ և չեն ուզում թռչել՝ վախենալով կորցնել իրենց ունեցածը: Միգուցե անհրաժե՞շտ է, որ ինչ-որ մեկը կտրի այդ ճյուղը, որպեսզի բացենք մեր թևերը և կյանքում գեթ մեկ անգամ փորձենք թռչել: Երբեմն անսպասելի իրադարձությունները, որոնք սկզբում վատն են թվում, թռչելու հնարավորություն են տալիս…
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը