Կայարանում գնացքի սպասող մի տղամարդու մոտեցավ մի կին և դրամ խնդրեց՝ հաց գնելու համար: Արտաքուստ նա խնամված էր, մաքուր հագուստով և նման չէր մուրացկանի: Քանի որ տղամարդը որոշ ազատ ժամանակ ուներ, հետաքրքրվեց, թե ի՞նչ էր պատահել և ինչո՞ւ էր կինն այդ վիճակում: Կայարանի սրճարանում նա պատվիրեց թեյ և կարկանդակներ, և նրանք զրույցի բռնվեցին: Կինը պատմեց իր պատմությունը. 60 տարեկան էր, մշտապես աշխատել էր կայարանում որպես վագոնավարուհի, միայնակ մեծացրել որդուն: Մայրն օգնել էր խնամել և դաստիարակել որդուն, երբ նա աշխատանքի բերումով դրսում էր եղել: Պատահել էր այնպես, որ որդին ընկել էր վատ շրջապատ, սկսել թմրանյութեր օգտագործել, ի վերջո բանտ ընկել, տարիներ անց ազատ արձակվելով՝ մորը տանից վռնդել էր… Վաճառել էր մոր բնակարանն ու ունեցվածքը, նորից ազատազրկվել և հենց բանտում էլ մահացել ծեծկռտուքի արդյունքում… Կինը ստիպված էր եղել մեկնել մայրաքաղաք, որտեղ չուներ ոչ տուն, ոչ ապրելու տեղ և ոչ էլ հարազատներ, գիշերում էր կայարանում: Աշխատանքի չէին վերցնում՝ նկատի առնելով տարիքը: Տղամարդը կարեկցանքով լսեց նրան, որոշ գումար տվեց և թողեց իր հեռախոսահամարը՝ ոչինչ չխոստանալով:
Օրեր անց փողոցով անցնելիս նա տեսավ հայտարարություն. «Պահանջվում է դռնապան»: Նա վերցրեց հայտարության տեքստը և երեկոյան գնալով կայարան՝ գտավ այն կնոջը: Միասին զանգահարեցին գործատիրոջը և գնացին հարցազրույցի: Մանրամասն պատմեցին իրավիճակը: Գործատուն նրան շուրջօրյա աշխատանքի ընդունեց և անգամ թույլատրեց բնակվել դռնապանի համար նախատեսված աշխատասենյակում: Կինը հանձն առավ նաև մաքրել շքամուտքը, սանդուղքները և աստիճանահարթակները: Լինելով շնորհալի ինքուս նկարիչ, նա շքամուտքի պատերը նկարազարդեց, հարկերում տեղադրեց ծաղկամաններ, ծխող բնակիչների համար՝ մոխրամաններ: Համայնքի բնակելի շենքերի հարդարման մրցույթում հաղթող ճանաչվեց այն շենքը, որտեղ աշխատում էր կինը: Նրա աշխատանքը գնահատվեց, նա լավ համարում ուներ և հարգանք էր վայելում: Շուտով նրան նկատեց նույն շենքում բնակվող մի միայնակ տարեց տղամարդ, և նրանք որոշեցին ամուսնանալ:
Աստված իսկապես ներկա էր նրա կյանքում, և Նրա բարեգութ կամքով հրաշք տեղի ունեցավ: Եթե այն տղամարդն անտարբեր անցներ հայտարարության կողքով և ոչ մի քայլ չձեռնարկեր, միգուցեև այն կինը չապրեր: Չէ՞ որ եղել էին պահեր, երբ նա հուսահատվել էր և անգամ մտածել կյանքին վերջ տալ: Անտարբեր չանցնեք կարիքավորի կողքով և ուշադիր լինենք մերձավորի նկատմամբ:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը