Ավետարանի փրկարար զորությունը

Ավետարանի փրկարար զորությունը

Հեղինակ՝ երջանկահիշատակ Կրոնիդ (Լյուբիմով) վարդապետ
 

Հանցագործներին Սիբիր ուղեկցող մի կապիտան մի օր պատմեց իր պատմությունը Ավետարանի փրկարար զորությամբ հարբեցողության կործանարար ախտից ձերբազատվելու մասին.
 

«Երիտասարդ տարիքից ի վեր ծառայել եմ բանակում: Հրամանատարությունն ինձ սիրում էր, քանի որ օրինակելի և կարգապահ սպա էի: Դժբախտաբար, ժամանակի ընթացքում ընկերներիս հետ հաճախակի խնջույքներին գինի խմելու արատավոր սովորություն ձեռք բերեցի, և դա աստիճանաբար վերածվեց  հարբեցողության: Երբ չէի խմում, կարգապահ սպա էի, իսկ երբ խմում էի՝ շաբաթներով ծառայությունից բացակայում էի: Ինձ բավական երկար հանդուրժեցին, ի վերջո, հարբած վիճակում հրամանատարությանը կոպտելու պատճառով, սպայական աստիճանից զրկեցին՝ դարձնելով շարքային զինվոր և տեղափոխելով կայազոր: Նաև զգուշացրեցին, որ խմիչքից չհրաժարվելու և նույն ոգով շարունակելու դեպքում խստագույնս կպատժվեի: Անգամ այդ աննպաստ վիճակում ոչ մի կերպ չէի կարողանում թողնել խմելը՝ որքան էլ ջանքեր թափեի և անգամ բուժվեի: Հրամանատարությունը մտադիր էր ինձ ուղարկել կալանավորների վաշտ: Լսելով այդ մասին՝ չգիտեի՝ ինչ անել:
 

Մի օր մտախոհ նստած էի զորանոցում, երբ եկավ մի վանական՝ եկեղեցու օգտին հանգանակության նպատակով: Զինվորները նվիրաբերեցին որոշ գումարներ՝ ով ինչքան կարող էր: Վանականը մոտեցավ ինձ և հարցրեց.
 

- Ինչո՞ւ ես այդքան տխուր:
 

Պատմեցի նրան իմ վիշտը: Վանականը կարեկցանքով լսեց ինձ և ասաց.
 

- Ճիշտ նույն բանը տեղի է ունեցել եղբորս հետ, և ահա թե ինչն է օգնել նրան. նրա խոստովանահայրը Ավետարան էր տվել և խիստ պատվիրել, որ երբ խմելու ցանկություն առաջանար, նա անհապաղ բացեր Ավետարանն ու մի գլուխ կարդար: Եթե խմելու ցանկությունը չմարեր, ապա պիտի կարդար հաջորդ գլուխը: Եղբայրս սկսեց այդպես անել, և կարճ ժամանակ անց հարբեցության կիրքն անհետացավ: Ահա արդեն տասնհինգ տարի է, ինչ մեկ կաթիլ անգամ չի խմել: Դու էլ այդպես արա, և արդյունքը կտեսնես: Ես մի Ավետարան ունեմ, այն կբերեմ քեզ:
 

Լսելով նրան՝ ասացի.
 

- Ինչպե՞ս պիտի օգնի Ավետարանը, եթե բոլոր ջանքերս անօգուտ են, անգամ դեղերը չեն օգնել:
 

Դա ասացի, որովհետև երբեք Ավետարան չէի ընթերցել:
 

- Այդպես մի ասա, հավատացնում եմ, որ Ավետարանի ընթերցումը քեզ համար օգտակար կլինի, - շարունակեց վանականը:
 

Հաջորդ օրը վանականը բերեց Ավետարանը: Իսկույն բացեցի այն, թերթեցի, մի քիչ ընթերցեցի և ասացի.
 

- Չեմ վերցնի Ավետարանը, ոչինչ չեմ հասկանում, սովոր չեմ հոգևոր գրականություն ընթերցել:
 

Վանականը շարունակեց համոզել, որ Ավետարանի խոսքերն ինքնին բարերար ազդեցություն ունեն, քանի որ Ավետարանում գրված է այն, ինչ մեր Տեր Աստված է ասել: Կարևոր չէ հասկանալ գրվածը, պետք է միայն ջանասիրաբար ընթերցել: Սրբերից մեկն ասել է, թե եթե անգամ չես հասկանում Տեր Աստծո խոսքերը, ապա չարքերը հասկանում են, թե ինչ ես ընթերցում, և դողում են. չէ՞ որ հատկապես մեր թշնամին՝ սատանան է ջանում մեզ դրդել հարբեցողության:
 

Վանականից վերցրեցի Ավետարանն ու դրեցի սնդուկիս մեջ՝ շուտով մոռանալով դրա մասին:
 

Որոշ ժամանակ անց խմելու անհագ ցանկություն առաջացավ: Իսկույն բացեցի սնդուկը՝ գումար վերցնելու, որպեսզի գնամ խմելու: Սնդուկը բացելուն պես առաջինն աչքիս ընկավ Ավետարանը, և անմիջապես հիշեցի վանականի ասածները: Բացեցի Ավետարանն ու սկսեցի կարդալ Մատթեոսի Ավետարանի առաջին գլուխը: Կարդացի մինչև վերջ, ոչինչ չհասկացա, սակայն մտաբերեցի վանականի խոսքերը, թե Ավետարանում գրված է այն, ինչ Տեր Աստված է ասել: Կարդացի հաջորդ գլուխը, փոքր-ինչ հասկանալի դարձավ: Որոշեցի կարդալ նաև երրորդ գլուխը: Սկսելուն պես զորանոցում հնչեց զանգը, որը հրահանգում էր պառկել: Դա նշանակում էր, որ արդեն չի կարելի զորանոցից դուրս գալ, և ես ստիպված մնացի: Առավոտյան արթնանալով և որոշելով գնալ խմելու՝ մտածեցի. միգուցե մի գլուխ կարդամ և տեսնեմ, թե ինչ կլինի: Կարդացի և չգնացի գինի խմելու: Քիչ անց կրկին խմելու ցանկություն առաջացավ, շարունակեցի կարդալ, և վիճակս թեթևացավ: Դա ինձ ոգևորեց. ամեն անգամ խմելու ցանկություն առաջանալիս սկսեցի ընթերցել Ավետարանը: Ընթերցանությունը գնալով ավելի հեշտանում էր: Վերջապես, երբ ավարտեցի չորս Ավետարանների ընթերցանությունը, խմելու ցանկությունն իսպառ վերացավ, և ես հրաժարվեցի խմիչքից: Ահա արդեն քսան տարի է, ինչ ոչ մի տեսակ ոգելից խմիչք չեմ խմում: Այդ փոփոխությունը բոլորին զարմացնում է: Վերջին երեք տարվա ընթացքում ինձ կրկին սպայի կոչում շնորհեցին, դրան հետևեցին այլ կոչումներ, ի վերջո ինձ կարգեցին հրամանատար: Ամուսնացա. փառք Տիրոջը, բարի կին ունեմ, մենք շատ երջանիկ ենք, հնարավորության սահմաններում օգնում ենք աղքատներին: Այն պահից ի վեր, ինչ հրաժարվեցի խմիչքից, երդվեցի ամեն օր ընթերցել Ավետարանը»:
 

(Աղբյուր՝ «Խոստովանողների անկեղծ պատմություններն իրենց խոստովանահորը»: Սերգիև Պոսադ, «ТСЛ» հրատարակչություն, էջ 32-35):
 

Միշտ ընթերցենք Ավետարանը՝ այդ հրաշագործ և փրկարար գիրքը: Մեղրը քաղցր է, սակայն մեր Տեր Աստծո՝ Ավետարանում գրված խոսքը, անհամեմատ ավելի քաղցր է:
 

«Որքան քաղցր են քո խոսքերն իմ քիմքին՝ ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին» (Սղմ. 118:103).
 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×