Մի վանական ձիթենի տնկեց և սկսեց աղոթել.
- Տեր Աստված, անձրև ուղարկիր իմ ծառին:
Անձրև եկավ, ծառը հագեցավ: Հետո վանականն աղոթեց.
- Տեր Աստված, խնդրում եմ արևոտ եղանակ արա, իմ ծառին արև է պետք:
Արևոտ օրեր եղան, ծառն աճեց: Վանականը շարունակում էր խնամել ծառն ու աղոթել:
- Տեր Աստված, խնդրում եմ փոքր-ինչ ցուրտ եղանակ արա, որպեսզի ծառիս արմատներն ու ճյուղերն ամրանան:
Եղանակը ցրտեց, և ծառը չդիմանալով ցրտին՝ չորացավ: Վանականը շատ տխրեց: Գնաց մեկ ուրիշ վանականի մոտ՝ կիսելու իր վիշտը:
- Տես, ես էլ եմ ձիթենի տնկել, - ասաց մյուս վանականը և ցույց տվեց իր տնկած ծառը, որը հիանալի աճել էր: - Բայց ես իմ աղոթքներում այլ բան եմ խնդրել Տեր Աստծուց, Ով ստեղծել է այդ ծառը և ավելի լավ գիտի, թե ինչ է պետք նրան՝ լավ աճելու համար: Ես պարզապես խնդրել եմ Տեր Աստծուն հոգ տանել ծառիս և տալ նրան այն, ինչ անհրաժեշտ է, և Նա այդպես էլ անում է:
Նույնը նաև մեզ է վերաբերում. հաճախ Տիրոջից խնդրում ենք այն, ինչը մեր կարծիքով մեզ պետք է: Սակայն Տերը լավ գիտի, թե մեզ ինչ է պետք: Լիովին վստահենք Տիրոջը և երբեք հուսախաբ չենք լինի:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը