Մայրիկի դասը

Մայրիկի դասը

Աննան մանկապարտեզ էր հաճախում: Այնտեղ նա մտերմացել էր Սոնայի հետ, ով նաև իրենց շենքում էր ապրում: Ս. Ծննդյան տոնի առթիվ Աննայի մայրիկր տոնածառ զարդարեց և որոշեց Սոնային հրավիրել իրենց տուն: Նա միանման երկու գեղեցիկ տիկնիկ գնեց, որոնք տարբերվում էին միայն զգեստների գույներով: Առավոտյան արթնանալուն պես Աննան վազեց տոնածառի մոտ, բացեց երկու տուփերն էլ և զմայլվեց տիկնիկներով: Նա ափսոսաց տիկնիկներից մեկը նվիրել Սոնային և մի տիկնիկը տարավ ու պահեց իր սենյակում`բարձի տակ:

Շուտով Սոնան եկավ: Մայրիկն աղջիկներին հյուրասիրեց թեյ, տորթ, կոնֆետներ, քաղցրավենիք, իսկ հետո ասաց.
- Իսկ հիմա գնացեք և ձեր Ս. Ծննդյան նվերները գտեք տոնածառի տակ:
Աննան արագ վազեց և առաջինը վերցրեց տիկնիկը, իսկ Սոնան շփոթված փնտրում էր իր նվերն ու չէր գտնում, աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Տեսնելով ընկերուհու հուզմունքը, Աննան արդեն զղջացել էր նրա տիկնիկը թաքցնելու համար, նա հիմա սիրով կտար տիկնիկը, բայց չգիտեր ինչպես դա անել, ամաչում էր իր արարքից: Նա սկսեց ինչ-որ արդարացումներ փնտրել՝ ասելով, թե միգուցե Սոնայի դստրիկը գնացել էր զբոսանքի և հավանաբար շուտով կգար: Այդ պահին եկավ մայրիկը և, կռահելով եղելությունը, վերցրեց Աննայի տիկնիկն ու տվեց Սոնային՝ ասելով.
- Աննա, սա քո դստրիկը չէ: Սոնայի դստրիկը երբեք առանց իր մայրիկի թույլտվության չէր փախչի: Դա երևի քո դստրիկն է, որ անհնազանդ է: Գնա կանչիր նրան:
- Հիմա մայրիկ, - ուրախ բացականչեց Աննան:
Նա արագ վազեց իր սենյակ և վերադարձավ գրկած տիկնիկն ու հանդիմանելով նրան.
- Ինչո՞ւ դու ինձ չես լսում: Սոնայի դստրիկը միշտ լսում է իր մայրիկին և երբեք չի փախչում:
Աղջիկները սկսեցին խաղալ իրենց խաղալիքներով, նրանց անուններ տվեցին, միմյանց հյուր գնացին, շատ լավ օր անցկացրեցին: Սոնայի գնալուց հետո Աննան մոտեցավ մորն ու ասաց.
- Գիտե՞ս մայրիկ, այնքան լավ է նվերներ տալ…
Այդ Ս. Ծննդյան տոնը Աննան հիշեց իր ողջ կյանքում:
Սովորաբար ընդունված է Ամանորի և Ս. Ծննդյան տոներին նվերներ ստանալ: Նվեր ստանաը հաճելի է, սակայն տալն առավել հաճելի է: Հաճախ մեզնից ոմանք շատ նվերներ են ստանում, իսկ մեր շրջապատում կան շատերը, ովքեր ոչինչ չեն ստանում: Միգուցե սրտանց կիսվե՞նք նրանց հետ, նրանց ևս բաժին հանենք: Չէ՞ որ Տերը մեզ սովորեցնում է գթասրտություն:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×