Օրհնյալ հացը

Օրհնյալ հացը

Կար-չկար մի խեղճ, ծեր կին կար: Նա այնքան աղքատ էր, որ հաճախ անգամ ալյուր չէր ունենում՝ հաց թխելու: Նա մի ունևոր, բայց չար հարևանուհի ուներ, ով անդադար կշտամբում էր նրան աղքատության համար: Մի օր էլ նա նկատեց, որ ճիշտ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր հաց թխել, աղքատ հարևանուհու տան ծխնելույզից նույնպես ծուխ էր դուրս գալիս, ասես նա էլ հաց թխելիս լիներ:

- Մի՞թե հարստացել է, պետք է գնալ, ստուգել, - զարմացավ նա և իսկույն գնաց հարևանուհու տուն:
Մտավ հարևանուհու տուն և տեսավ, որ իր չքավոր հարևանուհին ճիշտ այդ պահին իրոք վառարանից դուրս էր բերում նոր թխված հացը: Նա հրավիրեց հարևանուհուն և հյուրասիրեց նրան թարմ հաց: Վերջինս զարմանքով հարցրեց.
- Որտեղի՞ց քեզ հաց. մինչև վերջերս դու ծայրահեղ աղքատ էիր, իսկ հիմա ամեն օր հաց ես թխում:
Աղքատ կինը պատմեց իր պատմությունը. նա հոգնել էր աղքատության համար կշտամբանքներից: Մարդկանցից իր վիճակից չամաչելու համար սկսել էր խանձող դնել վառարանում ամեն անգամ, երբ հարևանուհին հաց թխելիս էր եղել: Այդպես տևել էր մի երկու շաբաթ, և ահա ծեր կինը մտածել էր. «Միգուցե ամեն անգամ խանձողը վառարան դնելիս աղոթե՞մ Տեր Աստծուն, որ Նա գթա և օգնի ինձ»:
Այդպես էլ վարվել էր. մի օր խանձողը վառարան դնելիս աղոթել էր, և քիչ անց մի աղքատ ծերունի հնամաշ ցնցոտիներով թակել էր դուռն ու հաց խնդրել: Մինչդեռ տանը հացի կտոր անգամ չկար: Ծեր կինը ծերունուն տվել էր իր վերջին կարտոֆիլը: Ծերունին կերել էր և էլի հաց խնդրել:
- Որտեղի՞ց հաց տամ, տանը հաց չկա, -պատասխանել էր ծեր կինը:
- Վառարանից հանիր, - ասել էր ծերունին:
Կինը նայել էր վառարանի մեջ և տեսել թարմ հաց: Դուրս էր բերել հացը վառաանից և կերակրել ծերունուն, իսկ նա էլի էր հաց խնդրել՝ ասելով, որ վառանաում էլի հաց կա: Եվ իրոք, այնտեղ մի նոր թարմ հաց կար: Դուրս բերելով հացը, կինն ապշած բարձրաձայն խորհել էր.
- Մինչև ե՞րբ է Տեր Աստված ինձ հաց տալու:
-- Այնքան ժամանակ, քանի դեռ դու սրտանց կկիսես հացդ բոլոր քաղցածների հետ, - պատասխանել էր ծերունին
Այդ օրվանից սկսած բարի ծեր կնոջ տանը հացը երբեք չպակասեց:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×