Փոքրիկ տղայի ցանկությունը

Փոքրիկ տղայի ցանկությունը

Մի անգամ տարրական դասարանի ուսուցչուհին աշակերտներին հանձնարարեց շարադրություն գրել այն մասին, թե ինչ կուզենային, որ Տեր Աստված աներ իրենց համար: Երեկոյան տանը շարադրություններն ընթերցելիս նա շատ հուզվեց, երբ կարդաց դրանցից մեկը: Այդ պահին ներս մտավ նրա ամուսինը և տեսնելով լացող կնոջը՝ հարցրեց, թե ինչ էր պատահել:

- Ահա, կարդա, - պատասխանեց կինն ու նրան մեկնեց շարադրություններից մեկը:


«Տեր Աստված, Քեզ խնդրում եմ առանձնահատուկ մի բան. դարձրու ինձ հեռուստացույց: Ուզում եմ ապրել այնպես, ինչպես հեռուստացույցն է ապրում մեր տանը: Ուզում եմ իմ հատուկ տեղն ունենալ տանն ու բոլորին հավաքել շուրջս, որպեսզի ինձ լսեն առանց ընդհատելու և հարցեր տալու, ինչպես անում են, երբ ես եմ խոսում: Ուզում եմ լինել բոլորի ուշադրության կենտրոնում: Ուզում եմ, որ ինձանով զբաղվեն այնպես, ինչպես հեռուստացույցով: Ուզում եմ լինել հորս կողքին, երբ նա հոգնած աշխատանքից գալիս է տուն: Ուզում եմ, որ մայրիկն ինձ անտեսելու և հեռուստացույւցի դիմաց նստելու փոխարեն ինձ հետ կիսվի, երբ միայնակ և տխուր լինի: Ուզում եմ, որ թեկուզ երբեմն ծնողներս ամեն ինչ մի կողմ դնեն և ինձ հետ ժամանակ անցկացնեն: Տեր Աստված, Քեզնից շատ բան չեմ խնդրում, ընդամենն ապրել այնպես, ինչպես ապրում է յուրքանչյուր տան հեռուստացույց»:


- Սոսկալի է, խեղճ երեխա, - բացականչեց ուսուցչուհու ամուսինը: - Այդ ինչ անուշադիր և անտարբեր մարդիկ են նրա ծնողները:
- Դա մեր որդու շարադրությունն է, - արցունքն աչքերին պատասխանեց ուսուցչուհին:


Հեղինակ՝ Մաքսիմ Մակարով
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասրադյանը

  • 2021-08-09
×