Ս. Ծննդյան տոնից մեկ շաբաթ առաջ ընտանիքը գնեց տոնական տեսարանի արձանախումբ և տանը փաթեթները բացելով՝ պարզեց, որ Մանուկ Հիսուսի 2 արձանիկ կար: Դա նշանակում էր, որ հանրախանութում փաթեթավորելիս ինչ-որ սխալմունք էր եղել, և արձանախմբերից մեկում Մանուկ Հիսուսի արձանիկը պակասում էր: Ընտանիքի մայրը որոշեց զավակներից երկուսին իսկույն ուղարկել հանրախանութ՝ տեղյակ պահելու ավելորդ արձանիկի մասին և հայտարարություն թողնելու՝ նշելով իրենց հեռախոսահամարը, որպեսզի այն ընտանիքը, որտեղ արձանիկը պակասեր, զանգահարեր իրենց, և սխալը շտկվեր: Այդպես էլ վարվեցին և տոնի նախընթաց շաբաթվա ընթացքում շարունակ սպասեցին զանգի, սակայն ապարդյուն:
Ս. Ծննդյան տոնի նախօրեին ընտանիքի մայրը մտածեց ևս մեկ անգամ գնալ հանրախանութ՝ տեսնելու, թե արդյո՞ք բոլոր արձանախմբերն էին վաճառվել. այդ դեպքում երեկոյան նրանց անպայման կզանգահարեին: Սակայն ընտանիքի հայրն առարկեց՝ ասելով, որ դրսում բավական ցուրտ էր, և, բացի այդ, արդեն ուշ էր: Եվ այնուամենայնիվ, տեղի տալով զավակների խնդրանքներին, նրանցից երկուսի հետ գնաց հանրախանութ:
Երբ նրանք հասան հանրախանութ, տեսան, որ բոլոր արձանախմբերն արդեն վաճառվել էին: Նրանք վերադարձան տուն՝ ակնալելով, որ մինչև երեկո ամեն ինչ արդեն կպարզվեր, և ինչ-որ մեկն իրենց կզանգահարեր: Երբ տուն հասան, տեսան, որ մայրը տանը չէր, ինչես նաև տանը չէր ավելորդ արձանիկը: Հավանաբար ինչ-որ մեկը զանգահարել էր, և նա շտապել էր արձանիկը տանել:
Ճիշտ այդ պահին հնչեց հեռախոսի զանգը: Զանգահարում էր մայրը՝ բոլորին հայտնելու, որ անհրաժեշտ էր հասնել քաղաքի հակառակ ծայրամասում գտնվող մի տուն՝ իրենց հետ տանելով ծածկոցներ, թխվածքաբլիթներ, կաթ:
Ընտանիքի հայրը տարակուսեց. նշված հասցեն շատ հեռու էր իրենց տանից, բավական ուշ ժամ էր, դրսում՝ ցուրտ, սառը քամի, փողոցներն էլ՝ սառցապատ: Տանից դուրս գալն այնքան էլ խելամիտ որոշում չէր:
Երբ ընտանիքը մեծ դժվարությամբ հասավ մոր նշած հասցեն, մայրն ուրախ նրանց դիմավորեց՝ պատվիրելով զավակներին ծածկոցներով լավ ծածկել թույլ լուսավորված սենյակում գտնվող մրսած երխաներին, ինքն էլ շտապեց խոհանոց՝ տաքացնելու կաթը:
Նա ամուսնուն պատմեց, որ ընտանիքի հայրը լքել էր կնոջն ու հինգ զավակներին՝ թողնելով նրանց թշվառ վիճակում: Նա անհետացել էր՝ նախապես վաճառելով տան գրեթե ամբողջ գույքը: Նրա կինն, այնուամենայնիվ, կարողացել էր լվացարարությամբ և տների մաքրությամբ մի կերպ ծայրը ծայրին հասցնել, սակայն երբ վառարանը փչացել էր, նա հուասահատվել էր: Հանրախանութում նա տեսել էր հայտարարություն տված ընտանիքի հեռախոսահամարը, և երբ վառարանը փչացել էր, նա վերհիշել էր հեռախոսահամարը, քանի որ հայտարարության մեջ նշված էր. «Եթե որևէ մեկը Մանուկ Հիսուսի կարիքն ունի, կարող է զանգահարել»: Մտածելով, որ հայտարարություն տվողը ճշմարիտ քրիստոնյա էր՝ պատրաստակամ օգնել մարդկանց, նա զանգահարել էր և օգնություն խնդրել: Միակ բանը, որ նա խնդրում էր, վառարանի նորոգումն էր:
Ընտանիքի հայրը խոստացավ զննել վառարանը և փորձել նորոգել, իսկ մայրը ներս բերեց տաք կաթն ու թխվածքաբլիթները՝ կերակրելու քաղցած մանուկներին: Միակ բանը, որ նրանց հիշեցնում էր Ս. Ծննդյան տոնի մասին, Մանուկ Հիսուսի՝ սեղանին դրված արձանիկն էր:
Վառարանը նորոգելուց հետո պարզվեց, որ վառելիքի կարիք կար: Ընտանիքի հայրը խոստացավ մի քանի տեղ զանգահարել և վառելիք ճարել:
Տան ճանապարհին ընտանիքի հայրը բոլորովին չբողոքեց սաստիկ ցրտից, իսկ տուն մտնելուն պես զանգահարեց ընկերոջը՝ խնդրելու վառելիք լքված մանուկների համար: Միևնույն ժամանակ ընտանիքի մյուս անդամներն իրենց պահարաններից դուրս բերեցին հագուստ, խաղալիք: Թեև վաղուց արդեն քնելու ժամն էր, նրանք լքված մանուկների համար նվերներ էին պատրաստում: Երբ ընտանիքի հոր ընկերոջ մեքենան եկավ՝ բերելով վառելիք, մեքենային բարձված էին աթոռներ, ծածկոցներ, նվերների տուփեր: Անտեսելով սաստիկ ցուրտը, ամբողջ ընտանիքը մեկնեց լքված մանուկների մոտ: Այդպես էլ ոչ ոք չզանգահարեց մանուկ Հիսուսի արձանիկը տանելու համար, սակայն ընտանիքի անդամները հասկացան, որ իրականում ոչ մի սխալ էլ չէր եղել: Կարեկից ու բարի ընտանիքի միջոցով Մանուկ Հիսուս օգնության հասավ նեղ դրության մեջ հայտնված ընտանիքին:
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը