Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին գազալցակայանի տարեց աշխատակիցը՝ Ջորջը, մենակ էր: Կնոջ մահից հետո նա տոնին միշտ միայնակ էր լինում լցակայանում և տոնն առանձնապես չէր նշում: Դուռը բացվեց, և անօթևան մի մարդ մտավ: Ջորջը նրան հրավիրեց վառարանի մոտ նստելու և տաքանալու: Մարդը շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ երկար չէր մնա և չէր խանգարի, պարզապես ուզում էր մի քիչ տաքանալ և հանգստանալ, շուտով կգնար: Ջորջը մարդուն տաք կերակուր և սուրճ առաջարկեց:
Հենց այդ պահին լսվեց մոտեցող ավտոմեքենայի ձայն. վարորդը խուճապահար էր և օգնություն էր խնդրում. կինը ծննդաբերում էր, մինչդեռ ավտոմեքենան խափանվել էր:
Ջորջը բացեց ավտոմեքենայի առաջնամասի ծածկը և զննելով՝ պարզեց լուրջ վնասվածք, ինչի հետևանքով ավտոմեքենան հնարավոր չէր վարել:
- Դուք չեք կարող վարել այս ավտոմեքենան, - ասաց նա:
- Բայց ինչպե՞ս, ի՞նչ անեմ… Օգնեք, խնդրում եմ, - աղերսեց մարդը:
Ջորջը լուռ ներս գնաց, վերցրեց իր հին ավտոմեքենայի բանալիները, ապա գնաց ավտոտնակ և ավտոմեքենան դուրս բերելով՝ մոտեցավ անհանգիստ սպասող զույգին:
- Կարող եք վերցնել իմ ավտոմեքենան: Այն, իհարկե, հին է, սակայն սարքին է:
Ճանապարհելով զույգին, Ջորջը վերադարձավ իր սենյակ: Անօթևան մարդն աննկատ հեռացել էր՝ ըմպելով իր սուրճը:
Ջորջը կրկին դուրս եկավ և դժվարությամբ գործի գցելով անսարք ավտոմեքենայի շարժիչը, այն տարավ ավտոտոնակ: Նա կարծում էր, թե տոնական այդ գիշերը հաճախորդներ չէին լինի, և ինքը կզբաղվեր ավտոմեքենայի նորոգմամբ: Ավելի մանրամասն զննելով՝ տեսավ, որ ավտոմեքենան կարելի էր նորոգել և անիվները փոխարինել ձմեռայիններով: Փոխարինեց կոտրված մասը, ապա տեղադրեց իր կնոջ ավտոմեքենայի ձմեռային անիվները:
Աշխատելու ընթացքում կրակոցի ձայն լսվեց: Իսկույն դուրս վազեց և տեսավ ոստիկանական ավտոմեքենայի մոտ ընկած, ձախ ուսից վիրավոր մի ոստիկանի, ով օգնության կանչեց:
Ջորջը ներս տարավ վիրավորին, և վերհիշելով բանակային ծառայության ընթացքում սովորած առաջին օգնություն ցուցաբերման կանոննեըը, իսկույն վիրակապեց ուսն առավոտյան լվացքատնից բերված մաքուր սրբիչներով և կանգնեցրեց արյունահոսությունը: Ապա ցավազրկող դեղ տվեց վիրավորին՝ փորձելով սիրտ տալ նրան:
- Ես հիմա շտապ օգնություն կկանչեմ, - ասաց Ջորջը, սակայն հեռախոսափողը վերցնելով՝ տեսավ, որ հեռախոսը չէր աշխատում:
- Դե, միգուցե ես կարողանամ կապվել ձեր ծառայակիցներից որևէ մեկի հետ ոստիկանական ավտոմեքենայում տեղադրված սարքի միջոցով, - ասաց Ջորջն ու դուրս եկավ:
Դժբախտաբար գնդակներից մեկը դիպել էր հեռախոսակապի սարքին և այն շարքից դուրս բերել:
Չկարողանալով ոչինչ անել, Ջորջը ներս մտավ:
Վայրկյաններ անց սենյակի դուռը բացվեց, և ներխուժեց զինված մի մարդ՝ պահանջելով օրվա հասույթը: Նրա ձեռքը դողում էր, և տեսնելով նրա հուզմունքը, Ջորջը հասկացավ, որ նախկինում նա երբեք նման բան չէր արել:
- Այդ մարդն է կրակել ինձ վրա, - բացականչեց վիրավոր ոստիկանը:
- Տղաս, ինչո՞ւ ես այդպես վարվում: Դու հանցագործ չես, ցած դիր զենքդ, այլապես կարող ես մեկ ուրիշին էլ վնասել, - հորդորեց Ջորջը:
Երիռասարդը շփոթվեց:
- Լռիր, ծերուկ, թե չէ կկրակեմ: Հենց հիմա գումար տուր ինձ, - գոռաց նա:
Մինչդեռ ոստիկանն արդեն ձեռքը մեկնել էր վերցրել իր զենքին:
- Ցած դիր զենքը, - դիմեց Ջորջը ոստիկանին: - Արդեն մեկ վիրավոր ունենք:
Ապա դառնալով երիտասարդին, Ջորջն ասաց.
- Տղաս, Սուրբ Ծննդյան տոնը մոտ է: Եթե գումարի կարիք ունես, ահա քեզ դրամ: Շատ չէ, բայց դա ամբողջ գումարն է, որ ես ունեմ: Դե, իջեցրու զենքդ:
Ջորջը գրպանից հանեց 150 դոլար և մեկնեց երիտասարդին: Երիտասարդը գետնին նետեց հրացանը և ծնկի գալով՝ սկսեց լաց լինել:
- Ես ցանկանում էի նվերներ գնել կնոջս և որդուս համար: Սակայն կորցրել եմ աշխատանքս, պիտի վճարեմ բնականի վարձը, անցյալ շաբաթ էլ ավտոմեքենաս առգրավվեցին…
- Տղաս, նման խնդիրները բոլորիս ուղեկիցն են, բայց պետք է դրանք քաջությամբ հաղթահարել: Զենքին դիմելը դրանց լուծման ճիշտ եղանակը չէ: Դե, նստիր, հանգստացիր, սուրճ խմիր, - ասաց Ջորջը՝ տղային նստեցնելով աթոռին:
Երիտասարդն արդեն հանդարտվել էր: Նա ներողություն խնդրեց ոստիկանից՝ ասելով, որ գլուխը կորցրել էր, չէր ցանականում վիրավորել նրան: Այդ պահին գազալցակայանին մոտեցան ոստիկանական և շտապօգնության մեքենաները, որոնք օգնության էին հասել վիրավորի՝ դեպքին ականատես ընկերների ահազանգով:
- Ինչպե՞ս ես, Ջեք, ո՞վ էր կրակողը, ո՞ւր է նա, – հարցրեցին նրանք վիրավորին:
- Չգիտեմ, - պատասխանեց Ջեքը: - Նա դեն նետեց զենքն ու փախավ: Իսկ այդ երիտասարդն այստեղ է աշխատաում:
Ջորջն ու երիտասարդը տարակուսած միմյանց նայեցին:
Մինչ շտապօգնության բժիշկն ու բուժքույրը նրան պառկեցնում էին պատգարակին, երիտասարդը մոտեցավ և կամացուկ ականջին հարցրեց. «Ինչո՞ւ»:
Վիրավոր Ջեքն ուղղակի ասաց. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Ջորջ, շնորհակալ եմ ամեն ինչի համար»:
Նրանց գնալուց հետո Ջորջն անցավ մյուս սենյակը և շուտով վերադարձավ՝ ձեռքին մի արկղ: Արկղից դուրս բերեց մի փոքրիկ տուփ, որի մեջ շատ գեղեցիկ մատանի էր՝ ադամանդե քարով:
- Նվիրիր այս մատանին կնոջդ: Այն կնոջս՝ Մարթայի մատանին էր, չեմ կարծում, թե նա կառարկեր: Նա միշտ մտածում էր, թե մի օր իր մատանին որևէ մեկին պետք կգա:
- Չեմ կարող ընդունել մատանին, այն ձեր կնոջ հիշատակն է, - առարկեց երիտասարդը:
- Այո, մատանու հետ կապված հուշեր կան, - ասաց Ջորջը՝ արկղից դուրս բերելով խաղալիք ինքնաթիռ, ավտոմեքենա և բեռնատար: Դրանք ավտոմեքենաների վառելանյութեր արտադրող ընկերությունն էր տրամադրել՝ վաճառքի նպատակով:
- Ահա, սրանք էլ որդուդ համար են:
Երիտասարդը կրկին հուզվեց Ջորջի բարյացկամությունից, և գրպանից հանելով նրա տված 150 դոլարը, մեկնեց Ջորջին:
-Սպասիր, իսկ ինչպե՞ս ես գնելու տոնական ճաշկերույթի ուտեստները: Դե, պահիր այդ գումարը: Դա համարիր այստեղ աշխատանքի առաջին շաբաթվա վճարը: Իսկ հիմա լավ կլինի՝ արդեն գնաս, չէ՞ որ ընտանիքդ քեզ է սպասում:
Դեռևս արցունքն արքերին՝ երիտասարդը դարձավ Ջորջին.
- Եթե աշխատանքի առաջարկն ուժի մեջ է, վաղն առավոտյան այստեղ կլինեմ:
- Արի մյուս օրը, Սուրբ Ծննդյան տոնին լցակայանը փակ է:
Ճանապարհելով երիտասարդին, Ջորջը նկատեց, որ անօթևան մարդը վերադարձել էր, և հարցրեց, թե նա ո՞ւր էր գնացել:
- Ես այստեղ էի, ոչ մի տեղ էլ չէի գնացել, - պատասխանեց մարդը: - Կարծես թե դու Սուրբ Ծննդյան տոնը չես նշում: Ինչո՞ւ:
- Այո, կնոջս՝ Մարթայի մահից հետո այլևս չեմ նշում: Նրանից հետո այլև ցանկություն չկա:
- Իրականում դու տոնը նշում ես, Ջորջ: Դու ինձ կերակուր և տաքանալ առաջարկեցիր, երբ ես քաղած ու մրսած էի: Հղի կինն, ում օգնեցիր, որդի կծնի, ով հայտնի բժիշկ կդառնա և մարդկանց կբուժի: Ոստիկանը, ում օգնեցիր, շատերին կփրկի չար ահաբեկիչներից: Այն երիտասարդը, ով փորձեց քեզ կողոպտել, կհարստանա և իր ունեցվածքից բաժին կհանի կարիքավորներին: Սա է տոնի խորհուրդը, որին դու հետևեցիր:
Ջորջն ապշած էր:
- Բայց ինչպե՞ս իմացար այդ ամենը, չէ՞ որ դու ներկա չէիր:
- Վստահիր ինձ, Ջորջ: Իսկ հիմա, ներիր ինձ, պետք է գնամ տուն, մեծ տոնակատարություն է սպասվում:
Անսպասելիորեն Ջորջի աչքի առաջ անօթևան մարդու հին կաշվե պիջակն ու պատառոտված տաբատը վերածվեցին ճերմակ թիկնոցի, սենյակը պայծառ լուսավորվեց:
- Հասկանո՞ւմ ես, Ջորջ, այսօր իմ ծննդյան տոնն է: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը