Մի երիտասարդ շատ մտերիմ էր իր տարեց հարևանի հետ: Սակայն ժամանակի ընթացքում ուսուցումը քոլեջում և այլ հետաքրքրություններն ու զբաղմունքները, հետո էլ աշխատանքն ու անձնական կյանքը սկսեցին ավելի ու ավելի շատ ժամանակ խլել: Երիտասարդը շատ զբաղված էր լինում, ժամանակ չէր լինում այցելել, անգամ հիշել հին ընկերոջը: Մի օր էլ նա իմացավ, որ տարեց հարևանը մահացել է: Ծերունին երիտասարդին շատ բան էր սովորեցրել՝ ջանալով փոխարինել նրա զոհված հորը: Գիտակցելով իր սխալը՝ երիտասարդը մասնակցեց ծերունու հուղարկավորությանը:
Երեկոյան՝ հուղարկավորությունից հետո, երիտասարդը մտավ ծերունու տուն: Ամեն ինչ այնպես էր, ինչպես տարիներ առաջ: Միայն թե սեղանի վրայից անհետացել էր այն փոքրիկ ոսկեգույն տուփը, որում ծերունու խոսքերով՝ պահպանվում էր իր համար ամենաթանկ բանը: Մտածելով, որ հարազատներից ինչ-որ մեկը վերցրել է տուփը, երիտասարդը դուրս եկավ ծերունու տնից: Սակայն երկու շաբաթ անց նա մի փաթեթ ստացավ: Փաթեթի վրա տեսնելով ծերունու անունը, երիտասարդը ցնցվեց: Նա բացեց փաթեթը:
Փաթեթում այն փոքրիկ ոսկեգույն տուփն էր, որը միշտ եղել էր ծերունու սեղանի վրա: Տուփում գրպանի ժամացույց էր հետևյալ փորագրությամբ. «Շնորհակալություն ինձ հետ անցկացրած ժամանակի համար»: Երիտասարդը հասկացավ, որ ծերունու համար ամենաթանկ բանը եղել էր իր երիտասարդ ընկերոջ հետ անցկացրած ժամանակը: Դրանից հետո երիտասարդն աշխատում էր հնարավորին չափ շատ ժամանակ տրամադրել իր կնոջն ու որդուն:
Կյանքի տևողությունը հաշվվում է ոչ միայն ժամանակի միավորներով, այլ՝ այն պահերով, որոնք մեզ ստիպում են շունչը պահել: Ժամանակն անցնում-գնում է, պետք չէ այն զուր վատնել:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը