Բարի վարորդը

Բարի վարորդը

Անտոնը Սոֆյայի միակ որդին էր: Սոֆյան բավական հասուն տարիքում էր ամուսնացել, և նկատի ունենալով նրա տարիքը, բժիշկները նրան արգելել էին հղիանալ և ծննդաբերել: Այնուամենայնիվ, զավակ ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ Սոֆյան, ռիսկի գնալով և իր կյանքը վտանգելով, հղիությունը բժիշկներից թաքցրել էր և միայն վեցերորդ ամսում առաջին անգամ այցելել բժշկի: Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող էր ավարտվել: Անտոնը շատ սպասված զավակ էր: Թե պապիկն ու տատիկը, թե հայրն ու խորթ քույրը անչափ սիրում էին նրան, իսկ մայրիկի մասին պարզապես խոսք չկար:
 

Սոֆյան սկսեց աշխատել շատ շուտ: Հարկավոր էր աշխատանքից առաջ փոքրիկ Անտոնին տանել մանկապարտեզ: Ամեն առավոտ Սոֆյան ավտուբուսից իջնում էր, Անտոնին հանձնում մանկապարտեզի մուտքի մոտ սպասող դաստիարակչուհուն, ապա կրկին շտապում կանգառ և սպասում հաջորդ ավտոբուսին: Ավտոբուսները վարում էին համարյա միշտ միևնույն վարորդները: Աշխատանքից ուշանալ չէր կարելի, և ուշացման մի քանի դեպքերից հետո Սոֆյային զգուշացրեցին, որ այդպես շարունակվելու դեպքում նրան աշխատանքից կազատեն: Քանի որ ընտանիքի եկամուտը մեծ չէր և Սոֆյայի վաստակած գումարն էլ մեծ նշանակություն ուներ ընտանիքի համար, նա սրտի կսկիծով որոշում ընդունեց երեքամյա Անտոնին ավտոբուսից մենակ իջեցնել, իսկ ինքը շարունակել ճանապարհը՝ ժամանակ չկորցնելու համար:


Լավ էր, որ հենց առաջին օրվանից ամեն ինչ բարեհաջող անցավ, թեև այն մի քանի վայրկյանները, որոնց ընթացքում Անտոնը հասավ մանկապարտեղի մուտքին, Սոֆյայի կյանքում ամենից երկար և տանջալից վայրկյանններն էին: Նա կիսադատարկ ավտոբուսի առջևի մուտքից դեպի հետևի մուտքը վազեց՝ տեսնելու, թե արդյո՞ք Անտոնը ներս մտավ, թե՞ ոչ:


Որոշ ժամանակ անց Սոֆյան նկատեց, որ ավտոբուսը կանգառից հեռանում էր շատ դանդաղ և արագացնում ընթացքն այն ժամանակ, երբ Անտոնը մանկապատեզ մտած էր լինում: Այդպես շարունակվեց երեք տարի, քանի դեռ Անտոնը մանկապարտեզ էր հաճախում: Սոֆյան դրան ոչ մի բացատրություն չէր գտնում, կարևորն այն էր, որ նրա սիրտը հանգիստ էր որդու համար:


Ամեն ինչ պարզվեց այն ժամանակ, երբ Անտոնը սկսեց դպրոց գնալ: Մի օր, երբ Անտոնը մոր հետ նրա աշխտավայրն էր գնում, ավտոբուսի վարորդն ասաց.
- Փոքրիկս, արդեն մեծացել ես: Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք մայրիկիդ հետ քեզ մանկապարտեզ ճանապարհում:


Փաստորեն վարորդը, նկատելով Սոֆյայի անհանգստությունը, ամեն օր մի աննշան բարի գործ էր անում անծանոթ մարդուն լոկ հոգեկան հանգստություն պարգևելու վեհ նպատակով՝ պարզապես մի երկու րոպե հապաղելով և այդպիսով մորը հնարավորության տալով հայացքով ճանապարհել որդուն:
 

«Ինչ էլ որ անես կյանքում, կլինի աննշան, բայց չափազանց կարևոր՝ անելու համար»: (Մահաթմա Գանդի)
«Բարությունը հոգու համար նունն է, ինչ հաջողությունը՝ մարմնի համար. աննկատ է, երբ այն ունես, և հաջողություն է բերում ամեն մի գործում»: (Լև Տոլստոյ)


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×