«Արդ, արագիլը երկնքում ժամանակի իր զգացողությունն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրենքները»: (Երեմ. 8:7)
Ապրիլի վերջին օրը գյուղում հայտնվեց և գյուղացիներից մեկի հին տան ծղոտե տանիքին բույն հյուսեց արագիլների մի զույգ:
Ամռան մի շոգ օր բոլոր գյուղացիները դաշտերում աշխատում էին, տներում միայն երեխաները և տնպահ շներն էին մնացել: Հանկարծ գյուղի եկեղեցու զանգերի ղողանջը խախտեց դաշտերի անդորրը. զանգերի տագնապալի ղողանջն ահազանգում էր հրդեհի մասին: Թե դաշտերում աշխատող և թե տանը մնացած գյուղացիներն իսկույն նետվեցին դեպ այն հին տունը, որտեղ արագիլները բույն էին հյուսել:
Տունն այրվում էր, իսկ տանիքի այն մասը, որտեղ արագիլների բույնն էր, իսկ բնում՝ արագիլների ձագուկները, ամբողջովին ծխի մեջ էր: Ձագուկների համար կեր հայթայթելով՝ մայր արագիլը տուն էր դառնում դաշտից: Տեսնելով իր բույնն ու ձագուկներին ծխի մեջ կորած, նա անհանգիստ մի քանի պտույտ գործեց իր բնի շուրջ, ապա նետվեց բույնն ու կտուցով դուրս բերեց ձագուկներից մեկին: Դնելով ձագուկին գետնին՝ ծառի մոտ, մայր արագիլը թռավ դեպի բույնը՝ մյուս ձագուկներին ևս փրկելու: Այրված թևերով նրան հաջողվեց դուրս բերել երկրորդ ձագուկին: Երրորդ անգամ մայր արագիլն այլևս չվերադարձավ՝ մնալով այրվող բնում մյուս երկու ձագուկների հետ…
Գյուղացիներից մեկն իր խնամքի տակ վերցրեց փրկված ձագուկներին և հոգ տարավ նրանց մասին: Ցավոք, նրանցից միայն մեկն ապրեց…
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա», - ասում է Տերը (Եսայ. 49:15):
Երախտապարտ լինենք մեզ սիրող Երկնային Հորը, Ով երբեք մեզ չի մոռանում:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը