Ս. Նիկողայոսի մասին պատումը մի հատված է սրբի կյանքից այն մասին, թե ինչպես է նա օգնել աղքատ հորը, ով ցանկանում էր իր աղջիկներին ուղարկել` զբաղվելու մարմնավաճառությամբ:
Չե՞ք մոռացել դեկտեմբերի 5-ից լույս 6-ի գիշերը գուլպա կախել բուխարու մոտ կամ էլ մուտքի մոտ դնել մի զույգ ճտքակոշիկ: Ուրեմն, ամեն ինչ լավ է, բարի Նիկողայոսն անպայման դրանց մեջ ինչ-որ նվեր դրած կլինի` քաղցրավենիք, թխվածքաբլիթ, մանդարին կամ էլ` նույնիսկ խաղալիք:
Մեզ համար այնքան սովորական է նվերներ ստանալ Ս. Ծննդյան տոնի և Ամանորի առիթով, որ երբեք չենք անդրադառնում, թե որտեղից է եկել այդ սովորույթը, ում ենք պարտական յուրաքանչյուր անցնող տարվա վերջին մանկական ամենալուսավոր հուշերի և ուրախալի սպասումների համար:
Ս. Նիկողայոսն իրական դեմք է: Նա ծնվել է ունևոր վաճառականի ընտանիքում, մեր թվարկության 4-րդ դարի առաջին կեսին, Լիկիայի Պատարա քաղաքում (այժմյան Թուրքիայի տարածքում) և իր կյանքը նվիրել է մարդկանց ծառայելուն` առանձնահատուկ հոգատարություն դրսևորելով աղքատների և մանուկների մասին: Իր առաքինի կենսակերպի և բարի գործերի համար Լիկիայի մայրաքաղաք Միրայի բնակիչներն Նիկողայոսին ընտրում են եպիսկոպոս: Ըստ լեգենդի` ոչ հեռու այն եկեղեցուց, որտեղ քարոզում էր Նիկողայոսը, ապրում էր մի աղքատ ընտանիք, որն ուներ ամուսնության տարիքի երեք դուստր, սակայն օժիտի բացակայության պատճառով ոչ ոք նրանց կնության չէր առնում:
Ս. Ծննդյան տոնին նախորդող մի երեկո վերադառնալով եկեղեցում ժամերգությունից, եպիսկոպոսը պատահաբար լսում է, թե ինչպես է աղջիկներից մեկը ծնողներին առաջարկում իրեն վաճառել ստրկության, որպեսզի ստացված գումարով հնարավոր լինի քույրերի համար օժիտ գնել: Բարի Նիկողայոսին հուզում է աղջկա պատրաստակամությունը նման զոհաբերության, և նա ծխնելույզի միջով նետում է դրամով լի դրամապանակ:
Դրամապանակը պատահաբար ընկնում է կրակի մոտ չորացող գուլպայի մեջ: Աղջիկները կարծում են, թե ոսկին ընկավ երկնքից` ի պատասխան իրենց թախանձանքի:
Շուտով ավագ դուստրն ամուսնանում է, իսկ հաջորդ տարին երկրորդ քույրն է Ս. Ծննդյան տոնից առաջ կախում իր գուլպան բուխարու մոտ, և առավոտյան կրկին դրա մեջ գտնում փողով լի քսակ: Դե իհարկե, երրորդ քույրն էլ է սպասում Ս. Ծննդյան տոնի հերթական երեկույթին` իր բախտը փնտրելու համար: Հասկանալի է, որ նրա բախտն էլ է բերում, իսկ քաղաքում և ամբողջ շրջանում լուրեր են տարածվում, թե անտեսանելի մի սուրբ Ս. Ծննդյան տոնից առաջ օգնում է այն մարդկանց, ովքեր արժանացել են դրան տարվա ընթացքում իրենց բարի գործերով:
Օգնելով քույրերին, Նիկողայոսը որոշում է շարունակել իր բարի ձեռնարկը: Դրանից բացի, նա ընկույզ, քաղցրավենիք և մրգեր էր դնում մանուկների` սովորաբար գիշերը շեմին թողնվող կոշիկների մեջ, որպեսզի Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի իմաստը դեռևս չգիտակցող փոքրիկների մոտ այդ օրերը զուգորդվեին ուրախության և հրաշքի հետ:
Եվ ինչպես սովորաբար լինում է, մարդիկ ստեղծեցին կարմիր ու սպիտակ հագուստով ալեհեր ծերունու կերպարը, ով ամեն ձմեռ իջնում է Բեյդալարյան լեռներից և օգնում աղքատներին, պարգևատրում առաքինիներին և նվերներով ուրախացնում հնազանդ երեխաներին:
Նիկողայոսին շատ պատահականորեն «բացահայտեցին» համաքաղաքացիները, երբ նա Ս. Ծննդյան տոնին նախորդող հերթական գիշերը նվերներով լի տոպրակով, սպիտակ հագուստով տնից տուն անցնելիս պահակի դեմ դուրս եկավ: Պահակը մարդկանց կանչեց, և մարդիկ ի դեմս տարօրինակ հագուստով անծանոթի ճանաչեցին իրենց եպիսկոպոսին: Նիկողայոսը ստիպված էր ամեն ինչ պատմել, և ամոթահար համաքաղաքացիները որոշեցին այդուհետ օգնել Ս. Ծննդյան տոնի Հորը, ինչպես նրան անվանեցին, իր տոնական բարեգործությունը կատարելիս: Բնականաբար, երեխաներին ոչին չասացին և ճոխացրեցին անծանոթ բարեգործի կերպարը: Ահա այստեղից էլ եկավ Ս. Ծննդյան տոնին միմյանց նվերներ տալու, ինչպես նաև նվերների համար գուլպա կախելու և կոշիկները շեմին դնելու սովորույթը:
Երբ մեր թվարկության 345թ. դեկտեմբերի 6-ին Միրայի եպիսկոպոսը մահացավ, եկեղեցին նրան իր բարի գործերի և հրաշագործությունների համար ընդունեց որպես երեխաների և աղքատների հովանավոր սուրբ: Երախտապարտ լիկիացիները որոշեցին ի հիշատակ Ս. Նիկողայոսի շարունակել նվերների սովորույթը, ընդ որում` սահմանելով օրը դեկտեմբերի 6-ը: (Հետաքրքիր է, որ, որոշ լեզվաբաններ գտնում են, որ ամերիկյան Սանտա Կլաուսը նույն Ս. Նիկողայոսն է, սակայն մանուկներն այդպես են արտասանում` սովորաբար կրճատելով իրենց համար դժվարահունչ անունները):
Անգլերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի