Ծովային աստղերը

Ծովային աստղերը

Ծովում սաստիկ փոթորիկ էր: Ցրտաշունչ քամին սավառնում էր ծովի վրայով՝ բարձրացնելով հսկայական ալիքներ և ափ նետելով ծովային կենդանիներ, խեցեմորթներ:
Երբ վերջապես ծովը հանդարտվեց, ափին հազարավոր մեռնող ծովային աստղեր էին: Դրանք այնքան շատ էին, որ ափը ծածկվել էր նրանց արյան կարմիր գույնով:
Այդ տխուր տեսարանը գրավել էր բազմաթիվ մարդկանց: Անգամ հեռուստատեսությունից էին եկել՝ նկարահանելու այդ սարսափելի տեսարանը: Ծովային աստղերն անշարժ էին, նրանք դանդաղ մահանում էին:
Բետոնե ճաղաշարի մոտ հավաքվածների թվում էր մի տղա՝ հոր հետ միասին: Նա նայում էր ծովային աստղերին արտասուքով լի աչքերով: Բոլորը լուռ դիտում էին տեսարանը՝ առանց որևէ բան ձեռնարկելու:
Հանկարծ տղան թողեց հոր ձեռքը, հանեց կոշիկներն ու գուլպաները և վազեց դեպի ծովային աստղերը: Կռացավ ու վերցնելով ծովային երեք աստղ, տարավ դեպի ջուրը: Հետո վերադարձավ և նորից նույն բանն արեց:
- Ի՞նչ ես անում, տղաս, - ձայն տվեց ճաղաշարի մոտ կանգնած հայրը:
- Ծովային աստղերին վերադարձնում եմ ծով, այլապես նրանք ափին կմահանան, - պատասխանեց տղան:
- Բայց դրանք այնքան շատ են, դու բոլորին չես կարող փրկել: Այդ նույն բանը տեղի է ունենում շատ լողափերում: Դու ոչինչ չես կարող անել, բոլորին չես կարող փրկել:
Տղան ժպտաց, կռացավ՝ վերցնելու հաջորդ ծովային աստղն, ու ծովը նետելով՝ ասաց.
- Բայց չէ՞ որ այստեղ ես ինչ-որ բան փոխեցի:
Հայրը մի պահ մտածեց, ապա կռացավ, հանեց կոշիկկներն ու գուլպաները և գնաց դեպի ծովը: Նա էլ սկսեց վերցնել ծովային աստղերն ու նետել ծովը: Քիչ անց հորն ու որդուն միացան երկու աղջիկներ: Ավելի ուշ ծովային աստղերը փրկողների թիվը հասնում էր հիսունի, ապա՝ հարյուրի, երկու հարյուրի, հազարի… Այդպիսով ծովային աստղերը փրկվեցին:
Աշխարհը փոխելու համար բավական է, որ ինչ-որ մեկը, անգամ մի մանուկ, քաջություն և համարձակություն ունենա ինչ-որ բան սկսել, ինչ-որ քայլ ձեռնարկել:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×