Գերմանացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն կյանքի մի որոշակի ժամանակաշրջանում ապրեց Փարիզում: Իր ֆրանսուհի բարեկամի հետ համալսարան գնալու ամենօրյա ճանապարհն անցնում էր աղմկոտ մի փողոցով: Փողոցի անկյունում նստած էր լինում մի ծեր կին, ով անցորդներից ողորմություն էր խնդրում: Նա միշտ անշարժ նստած էր լինում նույն տեղում՝ ձեռքը մեկնած, հայացքը գետնին հառած:
Ռիլկեն երբեք նրան ողորմություն չէր տալիս, իսկ նրա ֆրանսուհի բարեկամը հաճախ էր մանրադրամ տալիս:
Մի օր նա բանաստեղծին հարցրեց.
- Ինչո՞ւ երբեք ոչինչ չեք տալիս այդ խեղճ կնոջը:
- Ավելի լավ կլիներ նրան ինչ-որ բան տալ հոգու համար, քան թե մարմնի,- պատասխանեց բանաստեղծը:
Հաջորդ օրը Ռիլկեի ձեռքում մի սքանչելի վարդ կար, որը նա նվիրեց ծեր կնոջը: Կինն անսպասելիորեն բարձրացրեց հայացքը, նայեց բանաստեղծին, դժվարությամբ վեր կացավ, և բռնելով բանաստեղծի ձեռքը, համբուրեց… Հետո հեռացավ՝ սեղմելով վարդը կրծքին:
Մի ամբողջ շաբաթ ոչ ոք ծեր կնոջը չտեսավ: Հետո նա կրկին նստած էր նույն տեղում, ճիշտ այնպես ինչպես առաջ. լուռ, անշարժ, անհաղորդ:
- Հետաքրիքիր է, թե նա ինչո՞վ էր ապրում այդ մեկ շաբաթվա ընթացքում, - հետաքրքրվեց ֆրանսուհին:
- Վարդով, - պատասխանեց Ռիլկեն:
«Աշխարհում կա միայն մեկ խնդիր. ինչպե՞ս մարդուն հոգևոր սնունդ տալ, ապահովել հոգու հանգստություն: Հարկավոր է մարդու հոգին սնուցել: Լսեցեք. այլևս հնարավոր չէ ապրել՝ մտածելով լոկ սառնարանի, քաղաքականության, հաշվեկշռի և խաչբառերի մասին: Այլևս հնարավոր չէ այդպես շարունակել», - գրել է Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին:
« … Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4:4):
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը