Մոմը

Մոմը

Մութն ընկավ: Մի մարդ վերցրեց մի փոքրիկ մոմ և սկսեց բարձրանալ երկար աստիճանաշարը:

-Ո՞ւր ենք գնում, - հարցրեց մոմը:
- Բարձրանում ենք աշտարակը, որպեսզի լուսավորենք նավահանգիստ մտնող նավերի ճանապարհը, - պատասխանեց մարդը:
- Բայց նավահանգիստ մտնող ոչ մի նավ չի տեսնի իմ լույսը, - առարկեց մոմը:
- Թեև քո տված լույսը քիչ է, բայց դու շարունակիր լուսավորել այնքան պայծառ, որքան կարող ես, մնացածը թող ինձ:
Այդպես զրուցելով մոմի հետ՝ մարդը հասավ աստիճանաշարի վերջը և մոտեցավ մեծ կանթեղին: Ապա մարդը վառեց կանթեղը մոմի օգնությամբ, և շուտով կանթեղը շրջապատող հայելիները բազմապատկեցին և արտացոլեցին փոքրիկ մոմի տված լույսն ու լուսավորեցին նավերի և ճամփորդների ճանապարհը:
Ինչպես փոքրիկ մոմը կամ նույնիսկ լուցկին կարող են հսկայական խարույկ վառել և հարյուրավոր մարդկանց ջերմացնել և նրանց ուղին լուսավորել, այդպես էլ մարդու հոգու ջերմության աննշան բոցը և լավ օրինակը կարող են փոխել մարդկանց կյանքը, աշխարհընկալումը և ճակատագիրը, անգամ եթե ինքներս դա լիովին չենք գիտակցում:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×