Գթասրտություն

Գթասրտություն

Փոքրիկ տղան մայրիկի ձեռքը բռնած գնում էր: Արևոտ, սակայն ցուրտ օր էր: Տղան բոլորովին չէր զգում ցուրտը, քանի որ տաք էր հագնված, նաև շատ ուրախ էր. օրը կիրակի էր, ինքն արդեն դասերը պատրաստել էր և ազատ էր, հայրիկն էլ իրեն նոր խաղալիք էր գնել: Մայրիկը մի պահ կանգ առավ տարբեր մրգերով բեռնված վաճառասեղաններից մեկի առջև:


Մրգավաճառները կշռեցին և տոպրակների մեջ լցրեցին կարմրաթուշ խնձոր, բուրավետ նարինջ ու մանդարին, կիտրոն, անուշահամ այլ մրգեր: Տղան արդեն կանխավայելում էր համեղ միրգը, պատկերացնում էր, թե ինչպես է տանը նարնջից ծաղիկ ստանալու, ինչպես է դրանք գեղեցիկ ձևավորմամբ դասավորելու մրգամանի մեջ: Հանկարծ նա լսեց մի ծեր տատիկի ձայնը. նա ձեռքը մեկնել և վաճառողին խնդրում էր.

 

- Սիրելիս, ինձ մի խնձոր տուր: Շատ քաղցած եմ, ուտել եմ ուզում, այսօր դեռ ոչինչ չեմ կերել: Վատ եմ զգում, շատ թույլ եմ… Տղան չլսեց, թե մրգավաճառն ինչ ասաց: Նա անդադար նայում էր տատիկին, նրա խորշոմած ձեռքին, մաշված վերարկուին, պատառոտված ոտնամաններին: Գլխաշորի տակից երևում էր ևս մեկ ճերմակ գլխաշոր: Տղան հիշեց իր տատիկին, ով նույնպես զույգ գլխաշոր էր կապում: Նա պատկերացրեց իր տատիկի բարի աչքերը, տաք ձեռքերը, նրա պատրաստած համեղ բլիթները: Ծեր տատիկի աչքերից արցունք էր հոսում և կորչում դեմքը պատած կնճիռների մեջ:

 

Մի պահ նրան թվաց, թե այն տատիկն իր տատիկն է՝ մրսած, ցնցոտիների մեջ, քաղցած ու միայնակ: Անծանոթ տատիկը հուսահատ մոտեցել էր մեկ այլ մրգավաճառի՝ փորձելով նրա գութը շարժել: Տղան նայում էր տատիկին, իսկ նրա ձեռքն արդեն մեկնվել էր փաթեթներին և շոշափում էր պարունակությունը: Տղան արագ դուրս բերեց տոպրակից խնձոր, նարինջ և էլի ինչ-որ մրգեր, և մոտենալով տատիկին, մեկնեց դրանք նրան՝ շշնջալով.

 

-Վերցրեք, խնդրում եմ: Ապա արցունքոտված աչքերով մոտեցավ մորը և արագ բռնելով ձեռքն, ասաց.

 

- Գնանք, մայրիկ: Մի փոքր հեռանալով՝ տղան շրջվեց. տատիկը դեռ կանգնած էր նույն տեղում: Խնձորը մնացել էր ձեռքում, իսկ մյուս մրգերն արդեն տեղավորել էր գրպաններում: Նա տեսավ, թե տատիկն ինչպես էր ժպտում, ապա խաչակնքեց: Տղան թեթևացած շունչ քաշեց: Արդեն գիտեր, որ շուրջը մարդիկ կան, ովքեր ոչ միայն արևի, այլ մերձավորների ջերմության կարիքն ունեն: Եվ նա շատ ուրախ էր, որ կարող է ինչ-որ մեկին օգնել:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×