Երախտագիտության օրը

Երախտագիտության օրը

Ընտանիքի հոր մահից հետո առաջին անգամն էր, որ ընտանիքի երեք զավակները և նրանց մայրը տոնը նշելու էին մենակ, առանց սիրելի հայրիկի: Երեխաները վատառողջ էին: Դրսում մռայլ էր, անձրև էր գալիս: Ընտանիքի մայրը ջանում էր խնամել և հոգ տանել երեխաներից յուրաքանչյուրի մասին: Անհրաժեշտ էր գնել դեղորայք, մթերք, առաջին անհրաժեշտության որոշ իրեր: Մոր դրամապանակում կար ընդամենը 2.50 դոլար, և այդ գումարն ընտանիքին պետք է բավարարեր մինչև ամսվա վերջը: Կինը շփոթված էր: Ճիշտ այդ պահին լսվեց հեռախոսի զանգը:

Զանգահարում էր ծխական եկեղեցու հովվի օգնականը: Նա հայտնեց, որ ծխական համայնքը շարունակ մտածում էր իրենց ընտանիքի մասին և որոշել էր նրանց անակնկալ մատուցել: Նա խնդրեց կնոջն այցելել եկեղեցի: Կինը գնալու էր որոշ գնումներ կատարելու, և հայտնեց, որ ճանապարհին կմտնի եկեղևցի:

Եկեղեցում նրան հանձնեցին մի ծրար՝ ասելով.

- Դուք և ձեր զավակները միշտ մեր սրտում եք, մենք ձեզ հիշում ենք և աղոթում ձեզ համար: Մենք ձեզ սիրում ենք:

Ծրարում 20 դոլարին համարժեք երկու քարտ կար, որոնցով կարելի էր մթերք գնել: Կինը հուզմունքից լաց եղավ, շնորհակալություն հայտնեց համայնքին և գնաց գնումներ կատարելու:

Դրամարկղի մոտ գանձապահուհուն մեկնեց քարտերից մեկը՝ վճարելու գնված մթերքի գումարը, որը կազմում էր 14 դոլարից քիչ ավելի: Վերցնելով քարտը, գանձապահուհին փոքր-ինչ հապաղեց: Անհանգստանալով, որ միգուցե խնդիր է ծագել, կինն ասաց.

- Այդ քարտն իրոք օրհնություն էր: Ծխական համայնքն օգնության ձեռք մեկնեց ընտանիքիս՝ իմանալով, որ ընտանիքի հայրը չկա, և ես միայնակ եմ փորձում ծայրը ծայրին հասցնել:

Գանձապահուհու աչքերում արցունք շողաց: Նա ասաց.

- Հրաշալի է, որ նրանք ձեզ օգնել են: Իսկ հնդկահավ ունե՞ք:  

- Ոչ, բայց դա կարևոր չէ: Երեխաներս վատառողջ են, նրանց սնունդ է պետք:

- Իսկ տոնական այլ ուտեսներ ունե՞ք, - կրկին հարցրեց գանձապահուհին:

- Ոչ, - եղավ պատասխանը:

Մանրը վերադարձնելով, գանձապահուհին կնոջն ասաց.

- Սիրելիս, այս պահին ոչինչ չեմ կարող ասել, սակայն խնդրում եմ մեր խանութում  գնել հնդկահավ, լոռամրգի սոուս, դդմով կարկանդակ, մի խոսքով՝ տոնական ուտեստներ:

Կինը շատ զարմացավ և ասաց դողացող ձայնով.

- Համոզվա՞ծ եք:

- Իհարկե, գնեք ամեն ինչ:

Շփոթված կինը շարունակեց գնումները՝ վերցնելով հնդկահավ, կարտոֆիլ, միրգ, բանջարեղեն և հյութեր, ապա մոտեցավ դրամարկղին: Երբ վաճառասեղանին էր դնում վերցված ապրանքները, գանձապահուհու աչքերում կրկին արցունք նկատեց: Գանձապահուհին ասաց.

- Դե, հիմա կարող եմ խոսել: Այսօր առավոտյան աղոթեցի և մտադրվեցի օգնել որևէ մեկին, ով դրա կարիքը կունենար և ինձ կմոտենար:

Նա վաճառասեղանի դարակից հանեց իր դրամապանակը և դուրս բերելով 20 դոլարանոց  թղթադրամ, վճարեց կնոջ կատարած գնումները և վերադարձրեց մանրը:

- Ես քրիստոնյա եմ: Ահա իմ հեռախոսի համարը, զանգահարեք, եթե երբևէ ինչ-որ բանի կարիք ունենաք:

Ապա գրկեց կնոջը, համբուրեց այտը և ասաց.

- Թող Աստված օրհնի Ձեզ, սիրելիս:

Տան ճանապարհին կինը հուզված էր անծանոթ գանձապահուհու ջերմ վերաբերմունքից և այն ընկալումից, որ Տեր Աստված սիրում  է իր ընտանիքը և հոգ տանում իրենց մասին գանձապահուհու և ծխական համայնքի բարի գործերի միջոցով: Ընտանիքը մեծ սիրով նշեց երախտագիտության օրը՝ հիշելով իրենց օգնության ձեռք մեկնողներին, ջանալով ապ­րել շնորհակալու­թյամբ, ինչն էլ նշանակում է ապ­րել Աստ­ծո հետ ներ­դաշ­նակ:
 

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-08
×