Գրետան հրավիրվել էր մասնակցելու արշավի: Բարձունքը մագլցելիս օպտիկական ոսպնյակն անսպասելիորեն դուրս թռավ նրա աչքից և ընկավ: Իրավիճակը հուսահատեցնող էր. Գրետան մնացել էր առանց ոսպնյակի, տեսողությունը զգալիորեն թուլացած, վտանգավոր տեղում, ընկերներն էլ մոտիկ չէին: Գրետան փորձեց գտնել ոսպնյակը, բայց ապարդյուն: Նա շատ տխրեց, սակայն սթափվեց և հիշելով Սուրբ Գրքի հետևյալ խոսքերը. «Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին…» (Բ Մնաց. 16:9) աղոթեց Տիրոջը. «Տեր իմ, Քեզ համար տեսանելի է այս լեռը, յուրաքանչյուր քարն ու թուփը, Դու հստակ գիտես, թե ուր է իմ ոսպնյակը, խնդրում եմ, օգնիր ինձ»:
Երբ նրանց արշավախումբն արդեն հետ էր դառնում, նրանք հանդիպեցին լեռնագնացների մի նոր խմբի: Նրանցից մեկը ձայն տվեց:
- Ձեզնից որևէ մեկն արդյո՞ք օպտիկական ոսպնյակ չի կորցրել:
Նա պատմեց, թե ինչպես էր նկատել ոսպնյակը. մի մրջյուն էր այն կրելիս եղել:
Գրետայի հայրը ծաղրանկարիչ էր: Երբ Գրետան պատմեց նրան ոսպնյակը կորցնելու, աղոթելու, ապա այն գտնելու և մրջյունի մասին այդ անհավանական պատմությունը, նա նկարեց ոսպնյակը տանող մրջյուն, որն ասում է. «Տեր իմ, ես չգիտեմ, թե Դու ինչու ես կամենում, որ կրեմ այս ծանր բեռը: Այն ինձ պետք չէ, ուտելի չէ և շատ ծանր է, սակայն եթե դա Քո կամքն է, ապա ես այն կկատարեմ հանուն Քեզ»:
Մարդիկ ևս հաճախ պետք է այդպես վարվեն և ասեն. «Տեր իմ, չգիտեմ թե ինչի համար է այս կամ այն խնդիրը, հոգսը: Դրանից օգուտ չկա և շատ դժվար է, սակայն եթե Քո կամքն է, որ ես այն հաղթահարեմ, ապա ես դա կանեմ»:
Շատ փոքր բաներ, որոնք մեզ աննշան են թվում, կարող են մեծ նշանակություն ունենալ: Աստված չի կանչում ընտրյալներին, սակայն նկատում է նրանց, «որովհետև բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթ. 20:16):
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը