Ուսուցչուհու ձեռքը

Ուսուցչուհու ձեռքը

Մոտենում էր երախտագիտության օրը: Ուսուցչուհին առաջին դասարանցիներին հանձնարարեց նկարել մի բան, որը ցույց տար, թե նրանք ինչի համար էին երախտապարտ: 
 

Թեև աշակերտները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից էին, նրանցից շատերըը կարող էին իրենց թույլ տալ տոնը պատշաճ նշել: Ուսուցչուհին ենթադրում էր, որ աշակերտները հիմնականում նկարելու էին տոնին բնորոշ ավանդական ուտեստներ և տոնական խնջույքներ, և այդպես էլ եղավ: Սակայն աշակերտներից մեկը՝ Դուգլասը, մյուսներից տարբերվում էր: Նա շփվող չէր, միշտ տխուր էր, միայնակ: Երբ դասամիջոցներին մյուսները խաղում էին, նա մնում էր ուսուցչուհու կողքին:


Դուգլասի նկարը նույնպես մյուս նկարներին նման չէր. նա նկարել էր մարդու ձեռք: Նկարը գրավեց դասարանցիների ուշադրությունը, և նրանք սկսեցին քննարկել, թե ում ձեռքն էր նկարել տղան: Միգուցե դա հնդկահավեր բուծող ագարակատիրո՞ջ ձեռք էր: Իսկ գուցե դա ոստիկանի՞ ձեռք էր. չէ՞ որ ոստիկանները պաշտպանում են մարդկանց: Ոմանք էլ ենթադրում էին, թե դա Աստծո ձեռքն է, քանի որ Տեր Աստված տեսնում և հասնում է բոլորին:


Երբ քննարկումներն ավարտվեցին և աշակերտներն անցան այլ առաջադրանքների կատարմանը, ուսուցչուհին մի պահ մոտեցավ Դուգլասին և հարցրեց, թե ում ձեռքն էր նա նկարել:


- Դա Ձեր ձեռքն է, ուսուցչուհի, - պատասախանեց տղան:


Ուսուցչուհին իսկույն հիշեց այն պահերը, երբ աշակերտների հետ որևէ տեղ գնալիս բռնում էր տղայի ձեռքը, կամ օգնում էր բռնել գրիչը և սովորեցնում գրել: Եվ ահա Դուգլասը երախտապարտ էր ուսուցչուհուն իրեն օգնության ձեռք մեկնելու համար:


Մարդիկ երախտապարտ են ուսուցիչներին՝ գիտելիք տալու և ուսուցանելու, ծնողներին՝ իրենց կյանք տալու, մեծացնելու և դաստիարակելու, ընկերներին՝ անկեղծ ընկերության և նվիրվածության համար, սակայն միգուցե միշտ չէ, որ արտահայտում են իրենց երախտագիտությունը, և այնուամենայնիվ, միշտ հիշում են իրենց օգնության հասնող ձեռքը:


Ջանանք ունենալ երախտագիտության զգացում, ապրենք շնորհակալությամբ, ինչն էլ նշանակում է ապրել Աստծո հետ ներդաշնակ:

  • 2021-08-09
×