Մի երեկո աղքատ մի մարդ աշխատանքից տուն էր գնում: Անիծելով իր բախտը, նա սկսեց դառնացած բողոքել:
- Որտե՞ղ է երջանկությունը, երջանկություն չկա, ինչո՞ւ ես երջանիկ չեմ:
Ճակատագիրը կամեցավ, որ երջանկությունն արձագանքի և այցելի նրան՝ լսելու նրա բողոքն ու տրտունջը:
Եվ ահա, հազիվ էր աղքատն արտասանել այդ խոսքերը, երբ երջանկությունը բռնեց նրա ձեռքն ու ասաց:
- Մոտեցիր ինձ, մի վախեցիր. ես քո երջանկությունն եմ:
Երջանկությունը օդ բարձրացրեց նրան և տարավ հեռու-հեռու, ապա իջեցրեց մի քարանձավի մուտքի մոտ և ասաց.
- Այս քարանձավում գտնվում են աշխարհի բոլոր գանձերը: Մտիր և վերցրու այնքան գանձ, որքան կկամենաս: Սակայն տես. չափազանց շատ չվերցնես: Թող քո բեռը թեթև լինի, որովհետև երկար ճանապարհ ունես գնալու և մենակ ես լինելու, առանց ուղեկցի, իսկ եթե բեռը ցած գցես, ընդմիշտ կկորցնես: Խոհեմ եղիր և ագահություն մի արա:
Այդպես ասաց երջանկությունը և հեռացավ: Երբ աղքատը մտավ քարանձավ, աչքերը մի պահ շլացան՝ տեսնելով անթիվ-անհամար գանձեր և թանկարժեք քարեր: Նա սկսեց հավաքել դրանցից ամենագեղեցիկները և լցնել իր պարկը: Մեկ ժամից նա դուրս եկավ քարանձավից՝ տանելով իր ծանր բեռը: Մի քանի քայլ անելուց հետո զգաց, որ շատ հոգնած էր. քրտինքը պատել էր ճակատն ու ամբողջ մարմինը: Հասկացավ, որ ուժերը հատել են, այլևս չի կարող տանել իր ծանր բեռը:
- Իսկ ի՞նչ կլինի, եթե պարկը դնեմ գետնին և գլորեմ: Համոզված եմ, որ բաց չեմ թողնի և անվնաս տուն կհասցնեմ, - մտածեց նա:
Եվ այդպես էլ արեց: Կանխավայելելով իր հարստությունը, աղքատը գլորում էր պարկը դեպի տուն: Գրեթե տան մոտ նա մի պահ կանգ առավ, որպեսզի շտկի մեջքն, ու բաց թողեց պարկը, որն իսկույն անհետացավ: Աղքատը նայեց շուրջը՝ փնտրելով պարկը, բայց՝ իզուր: Նա սկսեց գոռալ ու ճչալ՝ անիծելով իր բախտը: Այդ պահին կրկին հայտնվեց երջանկությունը և զայրացած նայելով նրան՝ ասաց.
– Ինքդ ես մեղավոր քո երջանկությունը կորցնելու համար: Քեզ ոչինչ չի գոհացնում, ոչ մի հարստություն քեզ չի բավարարում: Քեզ տրված էր շատ բան, և դու պետք է վերցնեիր այնքան, որքան կարող էիր տանել: Սակայն դու ագահություն արեցիր և քո ուժերից վեր բեռ վերցրեցիր, դրա հետևանքով էլ ամեն ինչ կորցրեցիր: Հիմա դու ոչինչ չունես:
Դա թող քեզ համար դաս լինի և սովորեցնի քչով բավարարվել:
Մ. Գանդի. «Աշխարհը բավականին մեծ է՝ ցանկացած մարդու կարիքները բավարարելու համար, սակայն չափազանց փոքր է մարդկային ագահությունը բավարարելու համար»:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը