Ամենաթանկ գինը

Ամենաթանկ գինը

Վաճառասեղանի հետևում կանգնած վաճառողը նայում էր պատուհանից դուրս: Նա տեսավ մի փոքրիկ աղջկա, ով մոտեցավ խանութի ցուցափեղկին և սկսեց ուշադիր ուսումնասիրել ցուցափեղկը: Հետո մտավ խանութ և խնդրեց ցույց տալ փիրուզի շարը: Երբ աղջիկն այն տեսավ, աչքերը հիացմունքից փայլեցին:
- Ես ցանկանում եմ այն գնել քրոջս համար: Կարո՞ղ եք գեղեցիկ փաթեթավորել, - ասաց աղջիկը:
Վաճառողն անվստահորեն նայեց աղջկան և հարցրեց.
- Իսկ դու ինչքա՞ն դրամ ունես:
Աղջիկը գրպանից հանեց մի թաշկինակ, արձակեց կապերը, վաճառասեղանին լցրեց մի կույտ մանրադրամ և հուսով հարցրեց.
- Սա բավակա՞ն է:
Գումարն, իհարկե, քիչ էր, քանի որ միայն մանրադրամներ էին: Նա հպարտությամբ ասաց.
- Գիտեք, ուզում եմ փիրուզները նվիրել ավագ քրոջս: Մեր մայրիկի մահից հետո նա է մեզ հոգ տարել, խնամել, իսկ իր համար միշտ ժամանակ չի ունեցել: Այսօր նրա ծննդյան տարեդարձն է, և ես համոզված եմ, որ նա շատ կուրախանա՝ տեսնելով փիրուզները, դրանք շատ կսազեն նրա աչքերի գույնին:
Վաճառողն իսկույն վերցրեց փիրուզե շարն, ու բերելով տուփը, նրա մեջ դրեց քարերը, կապեց գեղեցիկ ժապավենով:
- Ահա, վերցրու և զգուշությամբ տար, - ասաց նա:
Աղջիկը վերցրեց տուփը և ուրախությունից թռչկոտելով վազեց տուն:
Աշխատանքային օրն արդեն ավարտվում էր, երբ խանութ մտավ երիտասարդ մի աղջիկ: Նա վաճառասեղանին դրեց փիրուզների տուփը և փաթեթավորման թուղթն ու քանդված ժապավենը:
- Այս շարն այստեղի՞ց են գնել: Որքա՞ն արժե այն:
- Այստեղ ցանկացած իրի արժեքն իմ և գնորդի գաղտնիքն է, - պատասխանեց վաճառողը՝ իսկույն կռահելով եղելությունը:
Երիտասարդ աղջիկն ասաց.
- Իմ քույըը շատ քիչ գումար ուներ: Իսկական փիրուզների շարը բավական թանկ արժե, այնպես չէ՞: Մենք չենք կարող դա մեզ թույլ տալ:
Վաճառողը վերցրեց տուփը, սիրով կրկին փաթեթավորեց և փաթեթը մեկնեց երիտասարդ աղջկան՝ ասելով.
- Ձեր քույրը վճարել է ամենաբարձր գինը… Ավելին, քան կարող էր վճարել ցանկացած մեծահասակ: Նա տվել է իր ունեցած ամբողջ գումարը:
Խանութում լռություն տիրեց. աղջկա աչքերից արցունք էր հոսում: Նա դողացող ձեռքն առավ փաթեթը և հեռացավ:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×