Դժոխքը լցված էր մարդկանցով, դռների մոտ սպասում էր նորեկ մարդկանց երկար հերթը: Սատանան ստիպված էր փակել դուռը նրանց առաջ:
- Միայն մեկ ազատ տեղ կա, և բնականաբար այն պիտի հատկացվի ամենամեղավոր մարդուն: Այստեղ կա՞ սերիական մարդասպան, - հարցրեց նա:
Պատասխան չստանալով՝ սատանան սկսեց հարցաքննել ամեն մեկին՝ գտնելու հերթում կանգնած ամենամեղավոր մարդուն
Դիմելով մի մարդու, ում սկզբում էր նկատել, հարցրեց.
- Դու ի՞նչ հանցանք ես գործել:
- Ոչինչ չեմ արել, ես բարի մարդ եմ, թյուրիմացաբար եմ հայտնվել այստեղ, - եղավ պատասխանը:
- Դե լավ, ակնհայտ է, որ, դու ինչ-որ բան արել ես, - չարախնդաց սատանան: - Բոլորն էլ ինչ-որ վատ բան արել են:
- Գիտեմ, որ այդպես է, բայց ես ամեն ինչից հեռու եմ մնացել: Տեսել եմ, որ մարդիկ հետապնդել են միմյանց, այլ մարդկանց, սակայն ես այդ անմիտ ու դաժան որսին չեմ մասնակցել: Տեսել եմ, թե ինչպես են մանուկներին թողել՝ մահանալու սովից կամ վաճառել ստրկության, աղբի նման նետել են թույլերին ու տկարներին: Նրանք միայն դավաճանել ու խաբել են, մարդկանց մոլորության մեջ գցել: Իսկ ես դիմակայել եմ գայթակղություններին, երբեք ոչինչ չեմ արել:
- Ընդհանրապես ոչինչ չե՞ս արել: Համոզվա՞ծ ես, որ այդ ամենը տեսել ես, - պնդեց սատանան:
- Սեփական աչքերովս եմ տեսել:
- Եվ ոչինչ չե՞ս արել:
- Ոչ, - պատասխանեց մարդը:
Սատանան չարությամբ ժպտաց՝ ասելով.
- Դե ուրեմն, ներս արի: Վերջին տեղը քոնն է:
«Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ»: (Ա. Չեխով)
«Վախեցիր անտարբերներից. նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց միայն նրանց լռելյայն համաձայնությամբ է, որ հողագնդի վրա գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը»: (Լեհ գրող, դրամատուրգ Բրունո Յասենսկի)
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը