Ազնիվ քահանան

Ազնիվ քահանան

Մի օր մի քահանա գնաց մի փոքր քաղաք՝ ծառայելու տեղի եկեղեցիներից մեկում: Մի քանի օր անց նա քաղաքային ավտոբուսով մեկնեց որոշ գործերով: Վճարելով վարորդին և նստելով իր տեղը, նա իսկույն պարզեց, որ մանրադրամը վերադարձնելիս վարորդն իրեն տվել էր ավելորդ 25 ցենտ:

Նրա մտքում սկսվեց ներքին պայքար. մի կեսն ասում էր. «Վերադարձրու ավելորդ 25 ցենտը: Այն թաքցնելը վատ արարք է»: Իսկ մյուս կեսն ասում էր. «Դե լավ, ինչ մի մեծ բան է 25 ցենտը: Մի՞թե դա մտահոգության առիթ է: Ավտոբուսային ընկերությունը մեծ դրամաշրջանառություն ունի, նրանց համար այդ չնչին գումարը նշանակություն չունի: Համարենք այդ գումարը Տիրոջ օրհնությունը»: 

Երբ ավտուբուսից իջնելու պահը եկավ, նա վարորդին մեկնեց ավելորդ 25 ցենտը և ասաց. 
 
 - Դուք ինձ ավելորդ մանրադրամ եք տվել: Ահա այն:
 
 Վարորդը ժպտալով պատասխանեց.
 
 - Դու նոր քահանան եք չէ՞: Ես էլ մտածում էի՝ գալ ձեր եկեղեցին, թե՞ մյուսը: Դրա համար էլ որոշեցի ստուգել, թե ինչպես  կվարվեք, եթե ավելորդ մանրադրամ տամ:

Երբ քահանան իջավ ավտոբուսից, մրմնջաց. «Տեր իմ, ներիր ինձ, քիչ էր մնում, որ Որդուդ վաճառեի 25 ցենտի դիմաց»:
 
Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի
  • 2021-08-09
×