Ամուսնացած դուստրը եկավ մոր մոտ և նրանից խորհուրդ հարցրեց.
- Մայրիկ, ամուսնուս շատ եմ սիրում, սակայն վերջերս հանդիպել եմ մի մարդու, և այժմ միայն նրա մասին եմ մտածում: Չէի ցանկանա դավաճանել ամուսնուս անգամ մտովի, բայց ուժ չունեմ այլ մարդու նկատմամբ մեղսալի զգացմունքը սրտիցս հանել: Ասա, ի՞նչ անեմ:
Մայրը պատասխանեց.
- Սիրելիս, զգացմունքները մեր հոգում աճող ծաղիկներն են: Քո հոգում այժմ երկու տեսակի ծաղիկ կա: Դրանցից մեկն այնքան էլ պայծառ ու գեղեցիկ չէ, սակայն ամուսնուդ հանդեպ սիրո նուրբ ու քնքուշ ծաղիկն է, որը դու ես ցանել: Այն կծաղկի ողջ կյանքումդ և բարի պտուղներ կտա, եթե ջրես: Մյուս ծաղիկը կրքի պայծառ ու գեղեցիկ, բայց նաև թունավոր ծաղիկն է և մոլախոտի նման խլում է առաջին ծաղկի հանդեպ քո բոլոր ուժերը: Ընդ որում, այդ երկրորդ ծաղիկը հավիտենական չէ և անպտուղ է՝ որքան էլ ջրես: Աղջիկս, դու չես կարող այդ երկրորդ ծաղիկը հոգուցդ հանել՝ որքան էլ ցանկանաս: Այն կա, ապրում է սրտումդ: Սակայն կարող ես ընտրություն կատարել: Միշտ էլ կարող ես ընտրել՝ երկու ծաղիկներից որը ջրել: Եթե ջրես առաջինը, ապա երկրորդը՝ մոլախոտը, շուտով կթառամի և կդադարի թունավորել հոգիդ…
Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի