Հիմարը

Հիմարը

Փողոցում քայլում էին մայր ու որդի: Որդին շարունակ ձգտում էր բռնել մոր ձեռքը, սակայն մայրը նրան մի կողմ էր հրում ՝ փնթփնթալով. 

 

- Ինչո՞ւ հայտնվեցիր իմ կյանքում: Դու ծնվել ես իմ հանգիստ կյանքը խաթարելու համար:
 

Իսկ տղան, անտեղյակ, որ մայրն իրեն տանում էր մանկատուն, մորը հարցնում էր.
 

- Մայրիկ, երբ տուն գնանք, ինձ համար ծղրիդի մասին հեքիաթը կկարդա՞ս, կխաղա՞ս ինձ հետ:
 

Այդպիսով տղան հայտնվեց և ապրեց մանկատանը: Երբ մեծացավ և մանկատնից հեռացավ, մշտապես այցելում էր մորը և աշխատում էր նրա հետ հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել: Հաճախ էր մորը գտնում հարբած վիճակում, շտապ օգնություն էր կանչում և մինչև բժիշկների գալը խնամում և փայփայում էր նրան, համբուրում կեղտոտ այտն ու ասում.
 

- Ինչո՞ւ ես այդպես վարվում, մայրիկ: Դիմացիր, ամեն ինչ լավ կլինի:
 

Մինչդեռ ծանոթներն ասում էին.
 

- Այդ տղան նորմալ մարդ չէ, նա պարզապես հիմար է, ինքն իրեն չի հարգում: Մայրն իրեն չսիրեց և լքեց, իսկ նա միշտ օգնության է հասնում մորը, փրկում:
 

Տարիներն արագ անցան, տղան գերազանցությամբ ավարտեց համալսարանը, նրան սպասվում էր խոստումնալից ապագա, մեծ առաջընթաց աշխատանքում, սակայն նա, ի զարմանս բոլորի, նախընտրեց աշխատել դպրոցում:
 

Մարդիկ նրան քննադատում էին.
 

- Համալսարանի կարմիր դիպլոմը նրան ավելի խելացի չդարձրեց, խորտակեց իր ապագան՝ գնալով դաստիարակելու անհնազանդ և ծույլ երեխաներին:
 

Տղայի մայրը մահացավ, բայց նա չմոռացավ մորը. շարունակ գնում էր գերեզմանատուն, խնամում մոր շիրիմը, և արդեն՝ ոչ թե մենակ, այլ կնոջ հետ, ով հարևան մուտքից էր:
 

Մարդիկ շարունակում էին չարախոսել.
 

- Հիմար տղա, այդքան համակրելի է, այնքան շատ աղջիկներ համաձայն էին ամուսնանալ իր հետ, իսկ նա ընտրեց այդ տգեղ ու կաղ աղջկան:
 

Նրանք չէին հասկանում, որ կարևորն աչքով տեսանելի չէ: Իսկ երիտասարդ զույգն ապրում էր շատ երջանիկ, միայն թե զավակներ չուներ: Սակայն շուտով հարևանները զույգին տեսան այգում զբոսնելիս երկու փոքրիկի՝ մի տղայի ու մի աղջկա հետ: Ինչ-որ մեկի կողմից լքված փոքրիկները դարձան նրանց երեխաները:
 

- Անխելք մարդ. կինը չի կարող նրան զավակներ պարգևել, իսկ նա տարված է իր կնոջով: Հիմա էլ օտար որբերին է մեծացնելու, - ասում էին չարակամները:
 

Տարիներն անցան, նրա զավակները մեծացան, ստեղծեցին իրենց ընտանիքները, և չկար մի օր, որ չայցելեին իրենց ծնողներին:
 

Ձմռան մի օր ընտանիքի հայրը զբոսնում էր ծովափին և տեսավ հավաքված մարդկանց: Մոտենալով ամբոխին՝ տեսավ, թե նրանք ինչպես էին հետևում  սառցաճեղքի մեջ խեղդվող շանը: Խեղճ կենդանին անօգնական նվվում էր՝ մարդկանցից օգնություն և գութ հայցելով, սակայն ոչ ոք միտք չուներ նրան օգնել: Առանց երկար մտածելու՝ ընտանիքի հայրը նետվեց սառցասառր ջուրը, մինչդեռ հարևանները դատարապարտոմ էին նրա արարքը.
 

- Այ քեզ հիմար, ինչպես կարելի էր վերջերս տարած սրտի ինֆարկտից հետո այդպես վարվել: Մանկուց խելք չուներ, մեծացավ և էլի խելքի չեկավ: Հիմար ծնվել է, հիմար էլ կմահանա:
 

Եվ ահա, հաջորդ կյանքում նա կանգնած էր դրախտի դարպասների մոտ՝ սպասելով իր հերթին:
 

- Անունդ ի՞նչ է, - հարցրեց հրեշտակը:
 

- Արդեն ինքս էլ չեմ հիշում, քանի որ շրջապատոմ բոլորն ինձ հիմար, անխելք էին անվանում:
 

_Ներս արի, դու գրանցված ես Կենաց Գրքում, որտեղ քեզ մեկ ուրիշ անուն է տրված՝ ՍԵՐ:
 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×