Հրեշտակների օգնությունը

Հրեշտակների օգնությունը

Մի մարդ կամեցավ մասնակցել եկեղեցու շինարարությանը, սակայն նա մեծ գումարներ չուներ: Ուստի գնաց լեռները, ընտրեց գրանիտե մի մեծ ժայռ, կտրեց, հղկեց և որոշեց այն նվիրել եկեղեցուն: Սկսեց փնտրել բեռնակիրներ՝ քարը բերելու և տեղ հասցնելու համար, սակայն ոչ ոք չհամաձայնվեց կատարել այդ ծանր աշխատանքն առանց համապատասխան վարձատրության, մինչդեռ մարդն այդքան գումար չուներ:
Անսպասելիորեն նրան մոտեցան չորս նվազ ու վտիտ մարդիկ և ասացին.
- Մենք կհամաձայնվենք տանել այդ քարը, սակայն դու պիտի օգնես մեզ: Քարը կբարձենք մեջքիդ, մենք էլ չորս կողմերից կպահենք:
- Բայց այդ հսկայական քարն ինձ իսկույն կճզմի, դուք էլ նվազ ու վտիտ եք, այդ ինչպե՞ս կպահեք այն, - պատասխանեց մարդը:
- Իսկ դու մտածիր, որոշիր, թե ինչո՞ւ ես ուզում եկեղեցուն նվեր անել՝ հանուն Աստծո ջանք թափելու, թե՞ մարդկանց մոտ պարծենալու համար:
Մարդը մտածեց և պատասխանեց:
- Դե իհարկե, Աստծուն ծառայելու համար:
Ապա նա աղոթեց և մեջքը դեմ տվեց քարին: Մարդիկ նրա թիկունքին դրեցին քարը, և չգիտես ինչու՝ այն սկսեց թվալ շատ թեթև: Եվ խումբն արագ հասավ եկեղեցուն:
Մարդը շրջվեց՝ աջակիցներին շնորհակալություն հայտնելու, սակայն նրանք արդեն անհետացել էին:


«Եթե տեսնես, որ մեկի գրաստը բեռան ծանրության տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի անցիր, այլ նրան օգնելով՝ բարձրացրու այն» (Ելք. 23:5):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×