Այցելություն

Այցելություն

Բացելով փոստատուփը՝ Ռութը գտավ մի ծրար: Նա վերցրեց ծրարը և նախքան բացելը մեկ անգամ էլ նայեց ծրարին. ծրարն արտասովոր էր, նրա վրա չկար ոչ կնիք ոչ էլ նամականիշ, այլ միայն իր անունն ու հասցեն: Նամակում ասվում էր.
«Սիրելի Ռութ,
Շաբաթ հետկեսօրեին լինելու եմ մոտակայքում, և կցանկանայի այցելել քեզ:
Միշտ սիրով, Հիսուս»:
Նամակը ծրարի մեջ դնելիս Ռութի ձեռքերը դողում էին: «Ինչո՞ւ պիտի Տերը կամենար այցելել ինձ, ես սովորական մեկն եմ»: Այդ պահին Ռութը հիշեց խոհանոցի իր դատարկ դարակները. «Աստված իմ, ես հյուրասիրության համար ոչինչ չունեմ: Պիտի շտապել խանութ և մթերք գնել», - մտածեց նա: Իսկույն բացեց դրամապանակն ու հաշվեց ունեցած դրամը. հինգ դոլար և քառասուն սենթ:
«Դե լավ, կարող եմ գնել հաց և նախուտեստ», - մտածեց Ռութը:
Պիջակը հագավ և շտապ տանից դուրս եկավ: Խանութում գնեց ֆրանսիական հաց, մի քանի կտոր տապակած հնդկահավ, մեկ տուփ կաթ, դրամապանակում մնաց ընդամենը քսան սենթ, որով Ռութը պիտի ապրեր մինչև երկուշաբթի: Այնուամենայնիվ, տան ճանապարհին Ռութը լավ տրամադրություն ուներ՝ տանելով հյուրասիրության համար նախատեսված գնումները:
Հանկարծ մի ձայն լսվեց.
- Տիկին, օգնեցեք, խնդրում եմ:
Ռութն այնքան տարված էր եղել առաջիկա հյուրասիրությամբ, որ չէր նկատել փողոցի անկյունում կանգնած զույգին. տղամարդն ու կինը ցնցոտիների մեջ էին:
- Տիկին, ես աշխատանք չունեմ, - ասաց տղամարդը, - տուն էլ չունենք, ապրում ենք փողոցում: Արդեն ցրտում է, մենք էլ քաղցած ենք, և եթե կարողանայիք մեզ ինչ-որ բանով օգնել, երախտապարտ կլինեինք:
Ռութը նայեց նրանց. նրանք կեղտոտ էին, անկեղծ ասած՝ նրանցից անգամ տհաճ հոտ էր գալիս, սակայն ցանկության դեպքում կկարողանային որևէ աշխատանք գտնել, - մտածեց Ռութը:
- Պարոն, իսկապես կցանկանայի օգնել ձեզ, բայց ես էլ ունևոր չեմ: Ունեմ ընդամենը հաց և որոշ նախուտեստ և այսօր կեսօրից հետո սպասում եմ շատ կարևոր հյուրի, ում մտադիր եմ հյուրասիրել:
- Լավ, տիկին, հասկանում ենք: Ամեն դեպքում շնորհակալ ենք:
Տղամարդը բռնեց կնոջ ձեռքը, և նրանք շրջվեցին՝ հեռանալու:
Ռութը հայացքով հետևում էր նրանց, և հանկարծ խղճի խայթ զգաց.
- Սպասեք, պարոն, - կանչեց նա:
Զույգը կանգ առավ ու շրջվեց, Ռութն արագ մոտեցավ նրանց:
- Վերցրեք այս ուտելիքը, իսկ ես մի ուրիշ ելք կգտնեմ հյուրիս հյուրասիրելու համար:
Այդ խոսքերի հետ Ռութը նրանց մեկնեց մթերազամբյուղը:
- Շնորհակալություն, տիկին, շատ շնորհակալ ենք:
- Իսկապես շնորհակալ ենք, - երկրորդեց կինը, և Ռութը նկատեց, որ նա ցրտից դողում էր:
- Գիտեք, ես տանը մի վերարկու ունեմ: Վերցրեք սա, - ասաց Ռութը և արձակելով իր պիջակի կոճակներն ու հանելով այն՝ իսկույն գցեց կնոջ ուսերին: Ապա ժպտալով շրջվեց ու գնաց դեպի իր տուն առանց վերարկուի և հյուրասիրության համար որևէ բանի:
Երբ հասավ իր տանը, Ռութը կրկին անդրադարձավ առաջիկա հյուընկալությանը. նա հյուրասիրելու համար ոչինչ չուներ: Պատրաստվում էր պայուսակից հանել դռան բանալին, երբ փոստատուփում տեսավ մի նոր ծրար: «Տարօրինակ է, փոստատարը սովորաբար օրական մեկ անգամ է գալիս, իսկ այսօր՝ երկու անգամ», - մտածեց Ռութը և բացեց ծրարն ու կարդաց նամակը.
«Սիրելի Ռութ,
Շատ ուրախ էի հանդիպել քեզ: Շնորհակալություն համեղ ուտելիքի համար: Նաև շնորհակալություն գեղեցիկ պիջակի համար:
Միշտ սիրով, Հիսուս»:
Օդը սառն էր, բայց Ռութը ցուրտը չէր զգում՝ անգամ առանց պիջակի…
«… Քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք խմելու, օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք… Քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ինձ համար արեցիք»: (Մատթ. 25:35-36, 40):


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×