Թշնամու կատարյալ պլանը

Թշնամու կատարյալ պլանը

Եկեք թույլ չտանք, որ թշնամին պղտորի մեզ…


Սատանան աշխարհով մեկ ժողով հրավիրեց: Բացելով ժողովը` նա իր չար հրեշտակներին ասաց.


- Մենք չենք կարող քրիստոնյաներին արգելել եկեղեցի գնալ: Չենք կարող նրանց արգելել Աստվածաշունչը կարդալ և ճշմարտությունն իմանալ: Չենք կարող անգամ ետ պահել պահպանողական արժեքներից: Բայց մենք կարող ենք ուրիշ բան անել: Կարող ենք խանգարել նրանց` ձևավորել սերտ, հաստատուն հաղորդակցություն Աստծո հետ: Եթե նրանք կապ հաստատեն Աստծո հետ, մենք նրանց վրա այլևս իշխանություն չենք ունենա: Ուստի, թող նրանք գնան եկեղեցի, թող վարեն պահպանողական կյանք, սակայն դուք պետք է գողանաք նրանց ժամանակը, որպեսզի նրանք չկարողանան հաղորդություն հաստատել Հիսուս Քրիստոսի հետ: Ես ուզում եմ, որ դուք դա անեք, հրեշտակներս: Շեղեք նրանց ուշադրությունը Փրկչից և օրվա ընթացքում Նրա հետ կենսական կապ հաստատելուց:

- Ինչպե՞ս դա անենք, - հարցրեցին հրեշտակները:

- Զբաղեցրեք նրանց դատարկ, անհեթեթ բաներով, հնարեք անթիվ ծրագեր` գրավելու նրանց միտքը: Գայթակղեք նրանց` դրդելով անդադար ծախսել և դրամ խնդրել: Համոզեք կանանց երկարատև աշխատանքի գնալ, ամուսիններին` աշխատել շաբաթական 6-7 օր, օրական 10-12 ժամ` իրենց ապրուստը հոգալու համար: Թույլ մի տվեք ժամանակ վատնել իրենց երեխաների հետ: Երբ նրանց ընտանիքը քանդվի, տունն այլև ճնշող աշխատանքից փախուստի վայր չի լինի:


Զբաղեցրեք նրանց միտքը, հրապուրեք նրանց ռադիոյով կամ ժապավենային մագնիտոֆոնով, երբ նրանք մեքենա են վարում, թող նրանք մշտապես տանն ունենան հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, խտասկավառակներ և անձնական համակարգիչներ: Հետևեք, որ աշխարհի յուրաքանչյուր խանութում և ռեստորանում հնչի ոչ-հոգևոր երաժշտություն: Դա կշեղի նրանց մտքերը և կքանդի Աստծո հետ նրանց միությունը:


Լցրեք նրանց սուրճի սեղանները թերթերով և ամսագրերով: Օրական 24 ժամ լցրեք նրանց միտքը լուրերով: Մեքենա վարելու յուրաքանչյուր րոպեն լցրեք հայտարարություններով: Հեղեղեք նրանց էլեկտրոնային փոստարկղերն անպիտան առաքումներով, ձիարշավագրազներով, փոստային պատվերների կատալոգներով, ամեն տեսակ լրատուներով, ձրի ապրանք, ծառայություններ առաջարկող և սին հույսեր ներշնչող առաջարկներով:


Անգամ հանգստի միջոցին թող նրանք լինեն շռայլ: Թող նրանք վերադառնան հանգստից հյուծված, խռովահույզ և անպատրաստ` աշխատանքի վերադառնալու համար: Թույլ մի տվեք նրանց գնալ բնության գիրկը` զմայլվելու բնության հրաշքներով: Դրա փոխարեն ուղարկեք նրանց ժամանցի այգիներ, սպորտային միջոցառումներ, համերգներ և կինոթատրոն: Եվ երբ նրանք հանդիպեն հոգևոր հաղորդակցության համար, դրդեք նրանց բամբասանքի և ճղճիմ զրույցների, որպեսզի նրանք հեռանան անհանգիստ խղճով և խաթարված զգացմունքներով:


Լցրեք նրանց կյանքն այնքան լավ բաներով, որ նրանք ժամանակ չունենան Աստծուց ուժ և զորություն հայցելու, և շուտով նրանք կսկսեն վատնել իրենց ուժերը, զոհել իրենց առողջությունը և ընտանեկան միությունը:


Ստանալով սատանայի հրահանգները, չար հրեշտակները եռանդով անցան իրենց գործին` ստիպելով քրիստոնյաներին գնալով ավելի ու ավելի զբաղված լինել և շարունակ դեսուդեն նետվել:


Այժմ ինքներդ դատեք. արդյո՞ք սատանան հաջողակ է իր ծրագրերում:

(Անհայտ հեղինակ)

 


Անգլերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×