Մի մեծահարուստ շատ ունեցվածք էր դիզել, բայց ոչ առանց մեղքերի: Երբ վերջին շնչին հասավ, մերձավորները նրան հորդորում էին, որպեսզի մտածի իր հոգու փրկության մասին: Բայց նա նման խոսքեր լսել չէր ախորժում, այլ մանավանդ մահճի մեջ այս ու այն կողմ շրջվելով` ափսոսում էր, ի խորոց սրտի լացում, կոծում և ողորմելի ձայնով ողբում` ասելով.
- Ավաղ, ինչ մեծ չարչարանքով ջանացի, որ ունեցվածք ձեռք բերեմ, և ահավասիկ ուրիշները պիտի ժառանգեն ու վայելեն իմ գանձերը: Օ, ունեցվածք իմ, օ, հարստություն իմ, օ, մխիթարություն իմ սրտի, ո՞ւմ ձեռքը պիտ ընկնեք, ո՞ւմ պիտ թողնեմ ձեզ:
Եվ այսպիսի խոսքեր ասելով` վախճանվեց: