Ժուկով-ժամանակով ապրում էր մի դարբին, ով չնայած չարքաշ աշխատանքին` ապրում էր դառն աղքատության մեջ, և մարդիկ նրան կոչում էին Դժբախտություն պապիկ: Դարբնի շանը, որը միշտ տիրոջ հետ էր, մարդիկ տվել էին Աղքատություն մականունը: Մի օր լուսաբացին դարբնի տան դուռը բախեցին երկու մարդ: Նրանցից մեկը դարբնին խնդրեց պայտել իր տիրոջ ավանակին: Չնայած վաղ ժամին` դարբինը գործի անցավ և պայտեց ավանակին:
- Դե, ինչքա՞ն պիտի վճարել, - հարցրեց մարդը:
- Տեսնում եմ, որ դուք աղքատ մարդիկ եք, ուստի գումար չեմ ուզում, այլ միայն խնդրում եմ ձեր օրհնությունը, - ասաց դարբինը:
- Այդ դեպքում, - ասաց մյուս մարդը, - մենք քեզ վարձահատույց կլինենք: Ես Տեր Աստվածն եմ, իսկ ուղեկիցս Սուրբ Պետրոսն է: Հայտնիր ինձ քո երեք ցանկությունները, և ես կկատարեմ դրանք:
- Տիրոջից խնդրիր տեղ դրախտում, - հուշեց Սուրբ Պետրոսը:
Սակայն դարբինն առանց երկար մտածելու ասաց.
- Ցանկանում եմ, որ այս բազկաթոռին նստողը կարողանա վեր կենալ միայն իմ թույլտվությամբ, ցանկանում եմ, որ այս ծառը մագլցողը չկարողանա ցած իջնել առանց իմ թույլտվության, և որ ով մտնի այս քսակի մեջ, այլևս չկարողանա դուրս գալ առանց իմ թույլտվության:
Տեր Աստված լսեց նրա ցանկություններն ու Սուրբ Պետրոսի հետ հեռացավ:
Այդ օրվանից ի վեր դարբնի վիճակն ավելի վատացավ. աշխատանք բոլորովին չկար, նրան և իր շանը սպառնում էր սովամահությունը:
Այդ մասին լսեց սատանան և ահա մի օր թակեց դարբնի դուռը.
- Դժբախտություն պապիկ, գիտեմ, որ արդեն երեք օր է, ինչ մեկ փշուր անգամ չես դրել բերանդ, դրամի խիստ կարիք ունես: Ես քեզ պարտքով կտամ տաս հազար էկյու` պայմանով, որ տաս տարի անց դու դրա դիմաց ինձ տաս քո հոգին:
- Լավ, որոշված է, տուր դրամը, - համաձայնվեց դարբինը և երդվեց սատանային:
Սատանան տվեց դրամն ու հեռացավ: Տաս տարի նա և իր շունը լավ ապրեցին, կուշտ կերան ու խմեցին, ընկերներին հյուրասիրեցին: Ուղիղ տաս տարի անց սատանան եկավ դարբնի հետևից:
- Դե, դարբին, եկել եմ քեզ տանելու:
- Դե ինչ, քանի որ եկել ես, կգամ: Նստիր ահա այս բազմոցին, իսկ ես արագ հավաքվեմ, և գնանք:
Սատանան նստեց բազկաթոռին, և մի րոպե անց դարբինն ասաց.
- Դե գնանք, պատրաստ եմ:
Սատանան ուզեց վեր կենալ բազկաթոռից, բայց իզուր: Ինչքան էլ նա փորձեց` ոչինչ չստացվեց. սատանան ասես կպել էր բազկաթոռին: Իսկ դարբինը վերցրեց երկաթե հաստ մի ձող և սկսեց թակել սատանային, որն այնպես էր գորռում ու գոչում, որ ամբողջ տունը դղրդում էր: Ի վերջո սատանան խոստացավ զիջել դարբնի պարտքը և նրան դժոխք չտանել, եթե դարբինն իրեն չթակեր և բաց թողներ: Դարբինը նրան թույլ տվեց վեր կենալ բազկաթոռից և հեռանալ:
Մեկ տարի անց դարբինը կրկին խիստ կարիքի մեջ էր, ծանր վիճակում: Լսելով այդ մասին` սատանան կրկին գնաց նրա մոտ և առաջարկեց պարտքով տալ քսան հազար էկյու` նույն պայմանով:
Դարբինը վերցրեց դրամը և տաս տարի անհոգ ու առանց կարիքի ապրեց:
Ուղիղ տաս տարի անց սատանան եկավ դարբնի հետևից: Այս անգամ նա որոշել էր ոչ մի դեպքում չնստել բազկաթոռին:
- Դե ինչ, դարբին, պատրա՞ստ ես գալ ինձ հետ:
- Ի՞նչ արած, պատրաստ եմ, գնանք: Բայց քիչ էր մնում մոռանայի. այս ծառի ընկույզը շատ համեղ է, սպասիր բարձրանամ ծառն ու մի պարկ ընկույզ քաղեմ, որպեսզի հետս վերցնեմ` դժոխքում ուտելու:
- Դե լավ, դա գործին չի խանգարի, ինքս կքաղեմ ընկույզը, այդպես ավելի արագ կլինի, - ասաց սատանան:
Մեկ րոպե անց սատանան ծառին էր: Հավաքելով ընկույզը` նա ցանկացավ ծառից իջնել, սակայն չկարողացավ, և իջնելու բոլոր ջանքերն իզուր անցան: Իսկ դարբինը վերցրեց մի երկար, սուր ելունդներով ձող և սկսեց դրանով ուժգին ծակծկել սատանային այնքան, որ նա ցավից ոռնում էր և խնդրում դարբնին խղճալ ու խնայել իրեն` փոխարենը խոստանալով զիջել դարբնի պարտքը և երդվելով հանգիստ թողնել նրան և հեռանալ: Դժբախտություն պապիկն ի վերջո բաց թողեց սատանային:
Մեկ տարի էլ չէր անցել, երբ սատանան կրկին հայտնվեց դառն աղքատության մեջ ապրող դարբնին և այս անգամ առաջարկեց տալ երեսուն հազար էկյու` նույն պայմանով:
Երբ տաս տարի անց սատանան եկավ դարբնի հետևից, նա սկսեց ծիծաղել:
- Բարև, Դժբախտություն պապիկ: Ինչո՞ւ ես ծիծաղում, այդ ի՞նչ պարկ է ձեռքիդ, - հարցրեց սատանան:
- Բարև, սատանա: Ծիծաղում էի, որովհետև հիշեցի, որ մի քանի օր առաջ մի ծեր մարդ ասում էր, թե դու կարող ես այնքան փոքրանալ, որ տեղավորվես անգամ այս քսակում:
- Պահ, կարծես թե դժվար բան է: Բացիր քսակը և կտեսնես:
Սատանան իսկույն փոքրացավ և մտավ քսակը, իսկ դարբնին հենց այդ էլ պետք էր:
- Տեսա՞ր, թե ինչքան կարող եմ փոքրանալ, եթե ցանկանամ, - ասաց սատանան:
- Տեսա, իսկ հիմա կարո՞ղ ես դուրս գալ, - ասաց դարբինը:
Սատանան ուզեց դուրս գալ քսակից, սակայն իզուր: Նա հասկացավ, որ ընկել էր ծուղակը, բայց արդեն ուշ էր: Դարբինը քսակը դրեց զնդանին, և մուրճի հարվածները կարկուտի նման տեղացին սատանայի վրա, որը գոռում էր խենթի պես: Սաստիկ ծեծից հետո սատանան խոստացավ մինչև դարբնի կյանքի վերջն այլևս երբեք չերևալ նրա աչքին և հանգիստ թողնել նրան: Դարբինը բաց թողեց նրան ու էլ երբեք չտեսավ:
Դարբինը մահացավ խոր ծերության տարիքում, նրա մահվան օրը սատկեց նաև նրա շունը: Եվ ահա Դժբախտություն պապիկն ու Աղքատություն շունը թակեցին դրախտի դուռը: Դուռը բացելով` Սուրբ Պետրոսը տեսավ նրանց և ասաց.
- Եկե՞լ ես, Դժբախտություն պապիկ: Դու չհետևեցիր իմ խորհրդին և Աստծուց դրախտում տեղ չխնդրեցիր. ավելի վատ քեզ համար. դե ուրեմն, հեռացիր:
Դժբախտություն պապիկն ու Աղքատություն շունը հեռացան և շուտով հասան քավարանին ու դուռը թակեցին: Դուռը բացեց հրեշտակը, և փնտրելով, սակայն չգտնելով դարբնի անունն իր հաստ գրքում` նրան խորհուրդ տվեց տեղ փնտրել դժոխքում:
Ի՞նչ արած. դարբինն ու իր շունը բռնեցին դժոխքի ճամփան և շուտով թակեցին դժոխքի դուռը: Դուռը բացեց ինքը` սատանան: Տեսնելով դարբնին` նա սարսափահար բղավեց.
- Այդ դո՞ւ ես: Կորիր այստեղից: Քեզնից ոչ մի լավ բան պետք չէ սպասել, դու այստեղ էլ կխաղաս քո օյինները, իսկ դրանք իմ սրտով չեն: Բարի ճանապարհ:
Դրախտից, քավարանից ու դժոխքից վտարված Դժբախտություն պապիկն ու Աղքատություն շունը ստիպված եղան վերադառնալ աշխարհ ու թափառել այնտեղ մինչև օրս, և շատերն են հանդիպել, հանդիպում և դեռ կհանդիպեն նրանց:
Ռուսերենից թարգմանությունը` Լարիսա Նավասարդյանի