Ապրենք և աշխատենք

Ապրենք և աշխատենք

Ընտանիքի հայրը ջանասեր և ազնիվ աշխատավոր էր, ով վաստակում էր իր կնոջ և երեք զավակների ապրուստը խանութներին հաց մատակարարելով: Աշխատանքից հետո երեկոները նա հաճախում էր դասընթացների` հուսալով առաջադիմել և օրերից մի օր ավելի լավ վճարվող աշխատանքի անցնել: Կիրակի օրերից բացի նա հազվադեպ էր ճաշում ընտանիքի հետ: Նա միշտ ջանասիրաբար աշխատում և սովորում էր` ընտանիքին ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու համար:
Երբ ընտանիքը դժգոհում էր, թե հայրիկն իրենց հետ բավականաչափ ժամանակ չի անցկացնում, նա պատասխանում էր, թե ինքն ամեն ինչ անում է հանուն ընտանիքի բարեկեցության:
Երբ դասընթացից հետո քննությունների արդյունքները պարզ դարձան և նրա ցուցանիշները լավ էին, նրան առաջարկեցին վերահսկիչի պաշտոն` պատշաճ աշխատավարձով: Այդժամ ընտանիքի հայրը կարող էր ընտանիքին ապահովել փոքրիկ շքեղություններ` գեղեցիկ հագուստ, նրբաճաշակ ուտեստներ, հանգիստ արտեկրում և այլն:
Այնուամենայնիվ, ընտանիքի հայրը շարունակում էր շատ աշխատել և միայն կիրակիներն անցկացնել ընտանիքի հետ: Հուսալով ստանալ մենեջերի պաշտոն` նա սկսեց հաճախել նոր դասընթացի: Եվ ինչպես միշտ, նա քիչ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ` չնայած մեծ ցանկությանը:
Հայրիկի աշխատասիրությունը գնահատվեց, և նա էլ ավելի առաջադիմեց: Նա որոշեց աղախին վարձել` կնոջ տնային հոգսերը թեթևացնելու համար: Նաև զգում էր, որ իրենց երեքսենյականոց բնակարանն արդեն փոքր էր ընտանիքի համար: Լավ կլիներ ընտանիքն ապահովել ավելի հարմարավետ ու ընդարձակ տնով: Ուստի հայրը վճռեց կատարելագործել գիտելիքները և ավելի բարձր դիրքի հասնել` մեծ տուն գնելու համար: Ընտանիքը նրան քիչ էր տեսնում, քանի որ հայրը ստիպված էր լինում աշխատել նաև կիրակի օրերին` հաճախորդներին գոհացնելու համար: Եվ դարձյալ, երբ ընտանիքը բողոքում էր` հոր հետ քիչ շփվելու համար, նա կրկին ասում էր, որ ջանում է հանուն ընտանիքի, թեև միշտ երազում է ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:
Ինչպես սպասվում էր, հայրիկի լավ աշխատանքն ըստ արժանվույն գնահատվեց, նա առաջադիմեց և գնեց հարմարավետ ու ընդարձակ առանձնատուն ծովափին: Նոր տանն առաջին կիրակի երկոյան հայրն ընտանիքին հայտնեց, որ որոշել է այլևս նոր դասընթացների չհաճախել, աշխատանքում նոր նվաճումների հետամուտ չլինել, քանի որ մտադիր է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին:
Հաջորդ առավոտյան նա քնից չարթնացավ…
«Գնացեք աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ…» (Հովհ. 6:27):
«Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա… այլ գանձեր դիզեք ձեզ համար երկնքում…» (Մատթ. 6:19-20):


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×