Ջերեմին ծնվել էր տկար, մանկուց տառապում էր հիվանդությամբ, որը նրան կամաց-կամաց մահվան էր տանում, միտքը նույնպես դանդաղ էր գործում: Չնայած առողջական խնդիրներին` ծնողները փորձում էին նրան հնարավորին չափ նորմալ, բնականոն կյանք ապահովել և նրան տեղավորել էին սովորելու տարրական դպրոցում:
Տասներկու տարեկանում Ջերեմին սովորում էր դեռևս երկրորդ դասարանում. նա անկարող էր լավ սովորել: Ուսուցչուհուն հաճախ շատ դժվար էր Ջերեմիի հետ. նա անդադար պտտվում էր տեղում, խոսում, աղմկում, խանգարում: Լինում էր նաև այնպես, որ խոսում էր պարզ ու հստակ, և այդ պահերին կարծես թե լույսի շող էր թափանցում նրա ուղեղի խավար: Նրա ներկայությունը հիմնականում զայրացնում էր ուսուցչուհուն: Մի օր նա կանչեց տղայի ծնողներին` խորհրդակցելու:
Նա նրանց հայտնեց, որ Ջերեմին պետք է հաճախեր հատուկ տիպի դպրոց, որովհետև արդարացի չէր, որ նա դասերին մասնակցեր իրենից հինգ տարի փոքր աշակերտների հետ, ովքեր սովորելու խնդիր չունեին: Այդպես ավելի լավ կլիներ նաև Ջերեմիի համար:
Տղայի մայրը հուզվեց, արտասվեց, իսկ հայրն ուսուցչուհուն ասաց, որ իրենց մոտակայքում նմանատիպ հատուկ դպրոց չկար: Մինչդեռ Ջերեմիի համար մեծ ցնցում կլիներ, եթե նրան դպրոցից հանեին: Նա իրոք սիրով էր դպրոց գնում:
Նրանց գնալուց հետո ուսուցչուհին երկար ժամանակ մտորում էր: Նա կարեկցում էր Ջերեմիի ծնողներին. ի վերջո, նրանց միակ զավակը ծանր հիվանդ էր: Սակայն ճիշտ չէր նրան դպրոցում պահելը, նրանից բացի դասարանում սովորում էր 18 աշակերտ, և միայն Ջերեմին էր տկարամիտ: Նա երբեք չէր կարողանա սովորել կարդալ և գրել: Էլ ինչո՞ւ ժամանակ վատնել: Այնուամենայնիվ, որքան ուսուցչուհին մտորում էր ստեղծված իրավիճակի շուրջ, այնքան ավելի մեղավոր էր զգում Ջերեմիի հանդեպ անհանդուրժող լինելու համար և Աստծուց համբերություն խնդրում:
Այդ օրվանից սկսած ուսուցչուհին փորձում էր ավելի ներողամիտ լինել, չլսել Ջերեմիի աղմուկը, չնկատել նրա անմիտ հայացքը:
Գարնանը` Ս. Հարության տոնից առաջ, ուսուցչուհին աշակետներին պատմեց Հիսուսի մասին և, շեշտադրելով հարության և նոր կյանքի, զարթոնքի գաղափարը, աշակերտներից յուրաքանչյուրին տվեց մեկական մեծ պլաստմասայե ձու և ասաց.
- Վաղն ամենքդ կբերեք ձեր ձուն` ներսում նոր կյանք խորհրդանշող ինչ-որ բանով: Պա՞րզ է:
Բոլոր աշակերտները, բացի Ջերեմիից, պատասխանեցին, որ առաջադրանքը պարզ է: Նա պարզապես լուռ լսեց` առանց սովորական աղմկոտ ձայներ արձակելու: Ուսուցչուհին տարակուսեց. արդյո՞ք Ջերեմին հասկացել էր առաջադրանքը, միգուցե ինքը երեկոյան զանգահարե՞ր նրա ծնողներին և բացատրե՞ր, թե ինչ պետք է անել: Այո, թերևս այդպես էլ կանի:
Սակայն ուսուցչուհու տանը խնդիրներ էին ծագել, և աշխատանքից հետո զբաղվելով դրանց լուծմամբ և առօրյա հոգսերով, նա բոլորովին մոռացավ զանգահարելու մասին:
Հաջորդ օրը բոլոր 19 աշակերտներն իրենց ձվերը տեղավորեցին ուսուցչուհու սեղանին դրված ծղոտե մեծ զամբյուղում: Դասերից հետո ուսուցչուհին սկսեց բացել ձվերը: Դրանցից մեկում ծաղիկ էր, մյուսում` թիթեռ, երրորդում` մամռակալած ժայռաբեկոր. բոլորն էլ խորհրդանշում էին նոր կյանք, բնության զարթոնք: Չորրորդ ձուն դատարկ էր. իհարկե, դա կարող էր Ջերեմիի ձուն լինել, թերևս նա չէր հասկացել առաջադրանքը: Տղային վատ դրության մեջ չդնելու համար ուսուցչուհին փակեց ձուն, մի կողմ դրեց և ուզեց բացել հաջորդը: Հանկարծ Ջերեմին ասաց.
- Դա իմ ձուն է, ինչո՞ւ չեք բացում:
- Ջերեմի, բայց այն դատարկ է, - պատասխանեց շփոթված ուսուցչուհին:
- Այո, բայց Հիսուսի գերեզմանը նույնպես դատարկ էր, - ասաց Ջերեմին:
- Իսկ գիտե՞ս, թե ինչու էր դատարկ:
- Այո: Մահից հետո Հիսուսին թաղեցին գերեզմանում: Սակայն Նրա Հայրը Նրան հարություն տվեց, - ասաց Ջերեմին:
Երբ զանգը հնչեց, և երեխաները դասարանից դուրս եկան, ուսուցչուհին լալիս էր:
Երեք ամիս անց Ջերեմին մահացավ: Նրան հրաժեշտ տվող մարդիկ նրա աճյունի մոտ զարմանքով տեսան 19 ձու, և բոլորն էլ` դատարկ:
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը