Ազատ աթոռը

Ազատ աթոռը

Մի օր համայնքի ծխական անդամներից մի երիտասարդ կին գնաց քահանայի մոտ և խնդրեց աղոթել իր հոր համար: Երբ քահանան գնաց հիվանդի մոտ, նա անկողնում էր, իսկ մահճակալի կողքին դրված էր մի ազատ աթոռ: Քահանան ենթադրեց, թե հիվանդը տեղյակ էր իր այցի մասին:

- Սպասո՞ւմ էիք ինձ, - հարցրեց նա հիվանդին:
- Ոչ, իսկ դուք ո՞վ եք:
- Ես համայնքի նոր հովիվն եմ, - պատասխանեց քահանան: - Երբ տեսա ազատ աթոռը, մտածեցի, որ գիտեիք իմ այցի մասին:
- Ազատ աթո՞ռը, - ասաց հիվանդը, - ես կուզենայի ձեզ հետ զրուցել, սակայն դե՞մ չեք դուռը փակելուն:
Զարմացած քահանան դուռը փակեց:
- Ես երբեք ոչ ոքի, անգամ դստերս, չեմ պատմել այս մասին, - սկսեց հիվանդը: - Երբեք չեմ իմացել՝ ինչպես աղոթել: Եկեղեցում միշտ լսել եմ քահանայի աղոթքը, սակայն երբեք չեմ կարողացել աղոթել: Մի օր լավագույն ընկերս ինձ ասաց, որ աղոթքը պարզապես Աստծո հետ զրույցի առիթ է: Նա առաջարկեց նստել ազատ աթոռի դիմաց և պատկերացնել Տեր Աստծուն՝ նստած այդ աթոռին. չէ՞ որ Տեր Աստված միշտ մեզ հետ է, մեր կողքին: Ուղղակի պետք է խոսել Նրա հետ և լսել Նրան, ճիշտ այնպես ինչպես հիմա մենք ենք խոսում և լսում: Ես լսեցի ընկերոջս խորհուրդն ու այդպես էլ վարվեցի, և դա ինձ այնքան դուր եկավ, որ դրանից ի վեր այդպես եմ անում ամեն օր: Սակայն զգուշանում եմ, որ դուստրս չնկատի, այլապես կմտածի, թե խելագարվել եմ, ինքս ինձ հետ եմ խոսում:
Քահանան շատ հուզվեց մարդու պատմածից և խորհուրդ տվեց այդպես էլ շարունակել: Ապա նրանք միասին աղոթեցին, և քահանան գնաց:
Երկու օր անց նրա դուստրը քահանային հայտնեց հոր մահվան մասին:
- Նա խաղաղությա՞մբ հանգեց, - հարցրեց քահանան:
- Կարծում եմ՝ այո: Մահից ժամեր առաջ նա ինձ հետ կատակեց, խորհուրդներ տվեց և համբուրեց ճակատս: Կաճ ժամանակով դուրս եկա՝ որոշ գնումներ կատարելու և երբ վերադարձա՝ նա արդեն մահացել էր: Բայց տարօրինակն այն էր, որ մահից առաջ հայրս առաջ էր թեքվել և գլուխը դրել մահճակալի կողքին դրված ազատ աթոռին:

 


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×