Հարուստ մի մարդ մի օր կանչեց իր մոտ աշխատող ճարտարապետին և ասաց.
- Ինձ համար հեռավոր մի երկրում մի տուն կառուցիր: Տան կառուցումը և գեղարվեստական նախագծումը թողնում եմ քո հայեցողությանը: Այդ տունը ցանկանում եմ նվիրել իմ լավ ընկերներից մեկին:
Ուրախանալով պատվեր ստանալու համար, ճարտարապետն իսկույն մեկնեց այն երկիրը, որտեղ տունը պիտի կառուցվեր: Այնտեղ արդեն ապահովված էր շինանյութերով և շինարարության համար անհրաժեշտ հնարավոր բոլոր միջոցներով:
Սակայն ճարտարապետը խորամանկ էր և մտածեց. «Ես լավ գիտեմ գործս, ոչ ոք ոչինչ չի նկատի, եթե օգտագործեմ ոչ շատ որակյալ շինանյութ կամ որոշ աշխատանքներ կատարեմ անորակ: Միևնույնն է՝ վերջնական արդյունքում տունը նորմալ տեսք կունենա: Միայն ինձ հայտնի կլինեն աննշան թերությունները: Այդպես աշխատանքն ավելի արագ ու հեշտ կընթանա, բացի այդ էլ գումար կշահեմ՝ վաճառելով թանկարժեք որակյալ շինանյութերը»:
Նշանակված ժամկետի ավարտին տունը կառուցված էր: Ճարտարապետն այդ մասին հայտնեց հարուստ պատվիրատուին: Դիտելով տունը՝ վերջինս ասաց.
- Շատ լավ է, գոհ եմ: Դե, իսկ այժմ եկել է այն պահը, երբ պետք է տունը նվիրեմ իմ լավ ընկերոջը: Նա ինձ համար այնքան հոգեհարազատ և թանկ է, որ ես շինարարության համար չխնայեցի ոչ շինանյութեր, ոչ էլ միջոցներ: Այդ լավ ընկերը դու ես և ես քեզ եմ նվիրում այս տունը:
Աստված յուրաքանչյուր մարդու առաջադրանք է տալիս՝ թույլ տալով այն կատարել իր հայեցողությամբ և ստեղծագործաբար, և դատաստանի օրը ամեն մեկը որպես պարգև պետք է ստանա այն, ինչ ինքն արել է իր կենաց օրոք:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը