Սա իրական դեպք է, որը տեղի է ունեցել 1997թ. դեկտեմբերին, ԱՄՆ Վիսկոնսին նահանգում: Դեպքի մասին պատմել է Ձմեռ պապի դերակատար Մարկ Լեոնարդի տիկինը:
Սառա անունով մի աղջիկ տառապում էր լեյկեմիա հիվանդությամբ: Բժիշկների կանխատեսմամբ նա չէր ապրի մինչև Ս. Ծննդյան տոնը: Նրա եղբայրն ու տատիկը դիմեցին արհեստավարժ մի դերասանի, ով Ս. Ծննդյան տոնական օրերին միշտ հանդես էր գալիս Ձմեռ պապի դերում: Մոտ վազելով Ձմեռ պապին, փոքրիկ տղան բարձացավ նրա ծնկներին, գրկեց, ցույց տվեց քրոջ լուսանկարը և ասաց, որ քույրը հիվանդ է: Նա էլ շատ էր ցանկացել իր հետ գալ Ձմեռ պապի մոտ, սակայն բժիշկները թույլ չէին տվել: Տղան հայտնեց, որ Սառայի միակ երազանքն է, որ Ձմեռ պապն այցելի իրեն: Տատիկն իհարկե հասկանում էր, որ Ձմեռ պապը շատ զբաղված է, սակայն միգուցե կարողանա՞ր ժամանակ գտնել և մի քանի րոպեով այցելել նրան… Ձմեռ պապի կոկորդը սեղմվեց… Նա խնդրեց հիվանդանոցի հասցեն և ամբողջ օրը միայն այդ մասին էր մտածում: Նա արդեն գիտեր, թե ինչ պիտի աներ: Երբ երեկոյան Ձմեռ պապն ավարտեց այցելությունները մանուկներին, գնաց հիվանդանոց, որտեղ Սառան էր: Հիվանդասենյակում Սառայի ընտանիքի անդամներն էին: Երբ Ձմեռ պապը մոտեցավ Սառային և ողջունեց, աղջիկը ձեռքերը մեկնեց` գրկելու նրան: Նա շատ գունատ էր, մազերը տեղ-տեղ թափվել էին քիմիաթերապիայի հետևանքով: Ձմեռ պապին այնպես հուզեցին աղջկա խոշոր կապույտ աչքերը, որ նա հազիվ զսպեց արցունքները: Երբ Ձմեռ պապն ու Սառան սկսեցին զրուցել, ընտանիքի անդամները հավաքվեցին մահճակալի շուրջ` հայացքով շնորհակալություն հայտնելով Ձմեռ պապին:
Սառան ոգևորված խոսում էր, անվերջ հարցեր տալիս Ձմեռ պապին ու ասում, թե ինչ խաղալիքներ էր խնդրում Ս. Ծննդյան տոնի առթիվ` հավատացնելով, որ ինքն ամբողջ տարվա ընթաքում շատ խելոք ու լավ աղջիկ էր եղել: Նրանք բավական ժամանակ անցկացրեցին միասին, զրուցեցին, ապա Ձմեռ պապն առաջարկեց աղոթել Սառայի և ընտանիքի անդամների հետ: Նա հարցրեց, թե արդյո՞ք Սառան հավատում էր Տեր Աստծուն և հրեշտակներին: Այո, իհարկե, հավատում էր:
- Դե, ուրեմն, Սառա, ես կխնդրեմ հրեշտակներին հսկել ու պահպանել քեզ, - ասաց Ձմեռ պապը:
Նա փակեց աչքերն ու սկսեց աղոթել` խնդրելով Տիրոջն ապաքինել ու առողջացնել Սառային: Աղոթքի ավարտին Ձմեռ պապը բռնեց Սառայի ձեռքն ու ասաց.
- Դե, Սառա, արդեն պիտի կենտրոնանաս և մտածես միմիայն ապաքինման մասին: Ամռանը մի լավ կզվարճանաս ընկերներիդ հետ, իսկ հաջորդ Ս. Ծննդյան տոներին մենք կրկին կհանդիպենք:
Իհարկե, այդ խոսքերն ասելիս նա լավ գիտակցում էր աղջկա անհույս վիճակը, սակայն ստիպված էր ասել այդ խոսքերը, որովհետև շատ ավելի կարևոր էր աղջկան տիկնիկից կամ խաղալիքից էլ ավելի լավ նվեր` ՀՈՒՅՍ տալ: Ապա Ձմեռ պապը գրկեց աղջկան, ջերմորեն համբուրեց ճակատը և սենյակից դուրս եկավ: Միջանցքում նա այլևս չդիմացավ և ազատություն տվեց արցունքներին…
Երբ Սառայի մայրն ու տատիկը մոտեցան` շնորհակալություն հայտնելու, Ձմեռ պապն ասաց.
- Դա ամենափոքր բանն էր, որ կարող էի անել նրա համար: Իմ միակ զավակը Սառայի տարիքին է: Սառայի փոխարեն կարող էր նա լինել:
Մեկ տարի անց, երբ Ս. Ծննդյան տոնական օրերին դերասանը կրկին հանդես էր գալիս Ձմեռ պապի դերում, մի փոքրիկ աղջիկ մոտ վազեց ու նետվեց նրա գիրկը:
- Ողջույն, Ձմեռ պապ, հիշո՞ւմ ես ինձ:
- Դե իհարկե, - ժպտալով ասաց Ձմեռ պապը. չէ՞ որ լավ Ձմեռ պապ լինելու գաղտնիքն ի վերջո ամեն մի մանուկի հավատացնելն է, որ նա աշխարհի միակ ամենալավ բալիկն է, և ինքը նրան հիշում է:
- Դու անցյալ տարի եկար ինձ մոտ հիվանդանոց, - աաց աղջիկը:
Ձմեռ պապի շունչը կտրվեց, աչքերն արցունքով լցվեցին: Նա իսկույն գրկեց հրաշք աղջան և ամուր սեղմեց կրծքին: Նա դժվարությամբ ճանաչեց այժմ արդեն վարդագույն այտերով և երկար, փարթամ մազերով Սառային. ոչ մի նմանություն անցյալ տարվա աղջնակին: Քիչ հեռվում Ձմեռ պապը տեսավ նաև Սառայի ժպտացող մորն ու տատիկին:
Ձմեռ պապի համար դա լավագույն Ս. Ծնունդն էր. Նա ականատես էր, թե ինչպիսի հրաշք կարող են գործել աղոթքը, հույսն ու հավատը: Նա հայացքն ուղղեց դեպի երկինք և մրմնջաց. «Շնորհակալություն և փառք Քեզ, բարեգութ Տեր Աստված: Սա իրոք Ս. Ծննդյան հրաշքն է…»:
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը