Հրաշագործ հայելին

Հրաշագործ հայելին

Կար շատ գեղեցիկ մի աղջիկ: Ծնողները նրան անչափ շատ էին սիրում, միշտ գեղեցիկ հագուստ հագցնում, կատարում նրա ամեն մի քմահաճույքը, ոչինչ չէին խնայում` աղջկան գոհացնելու համար: Աշխատում էին օրնիբուն` հանուն իրենց դստեր բարեկեցության: Իսկ նա գնալով ավելի էր գեղեցկանում և միշտ հայելու առաջ հիանում և հպարտանում էր իր գեղեցկությամբ:
Մի օր հայրն եկավ տուն և հայտնեց, որ իրեն աշխատանքից ազատել էին: Փակվեց իր սենյակում և երկար ժամանակ դուրս չեկավ: Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց: Հայրը դարձավ լռակյաց և ինքամփոփ: Աղջկա համար այլևս գեղեցիկ թանկարժեք հագուստ, զարդեր չէին գնում: Սակայն աղջիկը չէր հաշտվում իրավիճակի հետ, ճչում և պահանջում էր ծնողներից կատարել իր ցանկությունները, վիճում նրանց հետ, մեղադրում, որ իրեն այլևս չեն սիրում:
Մայրն աշխատանքից գալիս էր շատ հոգնած: Երբ տնային գործերը չէր հասցնում և խնդրում էր դստերն օգնել, նա խուսափում էր` ասելով, թե զբաղված է, ժամանակ չունի: Մայրը վշտանում էր, լալիս, սակայն չէր վիճում:
Անցան տարիներ, աղջկա հայրը մահացավ, հոր մահից հետո մայրն ավելի ծերացավ, խեղճացավ, կծկվեց… Սակայն աղջիկը դա չէր նկատում կամ էլ ձևացնում էր, թե չի նկատում:
Մի օր ձմռանն աշխատանքից վերադառնալով` մայրը հիշեց, որ մոռացել էր հաց գնել: Նա շատ հոգնած էր և վատառողջ, ուստի խնդրեց աղջկան խանութ գնալ, բայց աղջիկը կոպտորեն մերժեց: Մայրը ստիպված հագնվեց և գնաց խանութ: Սակայն ճանապարհին ոտքը ոլորվեց, վայր ընկավ: Լավ էր, որ բարի մարդիկ շտապ օգնություն կանչեցին. մոր ոտքը կոտրվել էր, նա ստիպված էր տանը պառկած մնալ: Այժմ արդեն նրանց հարմարավետ տունը թափթփված էր, փոշոտ, խոհանոցում` կեղտոտ ափսերի մեծ կույտ, հագուստն` անլվա: Միայն սրտացավ հարևանուհին էր երբեմն գալիս օգնում, կերակրում աղջկա մորը: Իսկ մայրն անդադար ջերմեռանդորեն աղթում էր դստեր համար:
Ս. Ծննդյան տոնի նախօրեն էր: Մայրն անկողնում պառկած` աղոթք էր մրմնջում, իսկ աղջիկը թերթում էր ամսագրեր, որտեղ պատկերված էին շքեղ զգեստներ ու մորթե մուշտակներ հագած գեղեցկուհիներ, և երազում էր լավ կյանքի մասին: Դուռը թակեցին: Աղջիկը դուռ բացեց և տեսավ մի ծեր, աղքատ կնոջ. նա խնդրեց թույլ տալ մի քանի րոպեով ներս մտնելª տաքանալու:
- Իսկ դու ո՞վ ես, - հարցրեց աղջիկը:
- Ես քո վերջին հույսն եմ, - ասաց ծեր կինը: - Թույլ տուր մի գավաթ թեյ խմել ու տաքանալ: Դրա դիմաց ես քեզ կտամ հրաշագործ մի հայելի: Այդ հայելում մարդը կարող է տեսնել ոչ միայն դեմքը, այլև հոգին: Հայելին ինձ պետք չէ, արդեն ծեր եմ ու տգեղ, իսկ դու շատ գեղեցիկ ես, և, հուսով եմª հոգիդ էլ է նույնքան գեղեցիկ, այնպես չէ՞: Բայց հայելին կտամ գնալիս:
Աղջիկը դժկամությամբ ներս թողեց ծեր կնոջը: Կինը հայացքը պտտեց թափթփված սենյակում, նայեց աղջկա հիվանդ մորը և հոգոց հանելով` ինչ-որ բան շշնջաց: Աղջկա մոր և ծեր կնոջ հայացքերը հանդիպեցին, մայրը հուզվեց, այտերով սկսեցին արցունքներ հոսել:
Աղջիկը ծեր կնոջը տարավ խոհանոց և ասաց.
- Ահա թեյնիկը, թեյը, շաքարավազը: Թեյդ խմիր, տաքացիր ու հեռացիր:
Մինչ թեյը պատրաստ կլիներ, ծեր կինը լվաց ափսեները, հատակը, կարգի բերեց խոհանոցը, ապա թեյ պատրաստեց և հաճույքով խմում էր: Զգալի բեյի հաճելի բույրը` մայրը մի գավաթ թեյ խնդրեց: Սակայն աղջիկը մերժեց` ասելով, որ ինքն արդեն մորը թեյ տվել է, և ընդհանրապես, ինքը մոր ծառան չէ: Լսելով աղջկա խոսքերը, ծեր կինը նրա մոր համար թեյ պատրաստեց և մատուցեց: Գնալիս նա աղջկան տվեց մի շատ գեղեցիկ հայելի և հիշեցրեց, որ այն արտացոլում էր ոչ միայն մարդու արտաքինը, այլև հոգին:
Աղջիկն իսկույն վերցրեց հայելին և սկսեց հիանալ իր գեղեցիկ տեսքով: Սակայն հայելու մակերեսը սկսեց աստիճանաբար ծածկվել գոլորշիով, պատկերն աղոտացավ: Աղջիկը մոտեցավ պատուհանին, որտեղ ավելի լուսավոր էր, կրկին նայեց հայելուն և… սարսափից քարացավ. հայելում տեսավ չարությունից ծամածռված գարշելի դեմք. մոխրագույն ծակող աչքեր, սեղմված շրթունքներ… Աղջիկն իսկույն դեն նետեց հայելին, դուրս վազեց և սկսեց փողոցում փնտրել ծեր կնոջը, սակայն նա անհետացել էր: Մի՞թե ծեր կինն իրեն խաբել էր ու ծաղրել: Նա չէր կարող հեռու գնացած լինել, հարկավոր էր նրան գտնել ու ամեն ինչ պարզել: Աղջիկը երկար փնտրեց, բայց` ապարդյուն: Շուտով մրսեց և ստիպված վերադարձավ տուն: Նրա հետ ինչ-որ բան էր պատահել, ներսն ասես տակնուվրա էր եղել… Հիշեց օրվա անցուդարձը, ծեր կնոջ այցելությունը և խոսքերը. «Ես քո վերջին հույսն եմ»: Տուն մտնելովª կարծես առաջին անգամ տեսավ իրենց սենյակը, անկողնում պառկած հիվանդ, ծերացած մորը, իր սենյակումª հոր նվիրած տիկինիկը: Նա գրկեց տիկնիկը և սկսեց հեկեկալով լաց լինել: Լաց էր լինում ոչ թե որովհետև խղճում էր ինքնիրեն, այլ որովհետև ամաչում էր, ատելություն և նողկանք զգում սեփական անձի հանդեպ: Նա չէր հիշում, թե վերջին անգամ երբ էր լաց եղել: Որոշ ժամանակ անց զգաց, որ գետնին էր պառկած և սառել էր, կողքին ընկած էր տիկնիկը: Աղջիկը վեր կացավ, մոտեցավ մորն ու շշնջաց:
- Ներիր, մայրիկ, ես աշխարհի ամենավատ, ամենաանշնորհակալ զավակն եմ: Օգնիր ինձ ուղղվել: Ես այլևս երբեք այդպիսին չեմ լինի:
Մայր ու աղջիկ գրկախառնվեցին և երկար լալիս էին: Մայրը նրան շոյում ու քաղցր խոսքեր էր ասում` աղջկան հիշեցնելով մանկությունը, երբ նա նեղության պահին իսկույն վազում էր մայրիկի մոտ: Թեև մայրը շատ թույլ էր, սակայն երջանիկ էր, որ Տեր Աստված լսել էր իր աղոթքները և հալեցրել դստեր սրտի սառույցը:
- Մայրիկ, ո՞վ էր այն ծեր կինը, որ եկավ մեր տուն: Ես փորձեցի նրան գտնել, բայց նա փողոցում չէր, արդեն հեռացել էր:
- Նա քո պահապան հրեշտակն էր, աղջիկս: Նրան Տեր Աստված էր ուղարկել: Չէ՞ որ այսօր Ս. Ծննդյան տոնն է:
Նրանք երկար և ջերմ զրուցեցին, վերհիշեցին անցյալը, իսկ առավոտյան արդեն մայրն իրեն ավելի լավ էր զգում, սկսեց ապաքինվել: Նրանք երկար փնտրեցին հրաշագործ հայելին, բայց այդպես էլ չգտան: Հայելին կորել էր:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×