25
Մայիս
Ճակատագրին հավատացողներն ուսուցանում են, թե դժբախտ երևույթները սկզբից ևեթ Աստծո կողմից են որոշված կամ մարդկանց ճակատին է գրված: Այսպես ասողներն իրենք իրենց են հակասում, որովհետև նրանք թեև սովորեցնում են, որ իրենց գլխին եկած փորձանքներն Աստծո կամքի արդյունքն են, սակայն ամեն գնով փորձում են ձերբազատվել այդ փորձանքներից: Եթե իսկապես չարիքներն Աստծո որոշումով են լինում, նշանակում է՝ Աստված չարակամ է: Եթե Աստծո կամքով չարիքի ենք հանդիպում, այդ դեպքում իրավունք չունենք պայքարել չարիքի դեմ, որովհետև դրա դեմ պայքարելով՝ Աստծո կամքի ու որոշումի դեմ ենք պայքարում: Ճակատագրին հավատացող մարդն արդյո՞ք ինքն իրեն չի հակասում, երբ որևէ հիվանդություն Աստծո կամքի կամ որոշումի արդյունք է համարում, մյուս կողմից՝ գնում բժշկի: Ո՞վ է ճակատագրին հավատացող այն մարդը, ում եղբայրը նրան անմիջապես բժշկի չի տանում, երբ նա վթարի է ենթարկվում, այլ սպասում է՝ տեսնելու նրա «ճակատագիրը»: Կարելի է տրամաբանել, թե զուր է հիվանդի ճիգը, որովհետև եթե Աստված նրա ճակատին գրել է, թե պետք է մեռնի, ոչինչ չի փոխվի:
Եթե համաձայնվենք այս մտածելակերպին, ապա ինչ դժբախտության էլ հանդիպենք, չենք կարող ձերբազատվել դրանից: Նման մտածողությունը շատ վտանգավոր է, որովհետև այն ջլատում է մարդու ուժը և վերացնում մարդու կյանքի դեմ պայքարելու եռանդը: Երբ մարդու մեջ հանգչում է հույսի կրակը, մեռնում է պայքարելու և դիմադրելու ոգին, այդ ժամանակ մարդն այլևս հույս չի ունենում հաղթելու:
Ոմանք ավելի ծայրահեղության գնալով՝ ասում են. «Ոչ միայն ծանր փորձանքներ են Աստծո կամքով ու որոշումով կատարվում, այլև՝ ամենափոքր բաները, օրինակ՝ մեկի վրա ջուր թափելը կամ ապտակելը… և այլն»: Այսպես ասողին եթե փորձենք ապտակել կամ վրան ջուր թափել, անմիջապես կբարկանա: Փաստորեն, նա ինքն իրեն կհակասի, որովհետև եթե ընդունում է, որ իրեն ապտակելը կամ վրան ջուր թափելը «ճակատագիր« է, ուրեմն չպետք է ընդվզի: Հետևաբար, մի քանի կետեր պետք է նկատի ունենալ:
Առաջին. Պետք չէ ճակատագրի գոյությանը վերագրել այն, ինչը մարդկանց անկարգության և անպատասխանատվության արդյունքն է: Օրինակ, երբ շենքը փուլ գա և որոշ մարդիկ մահանան, պետք չէ ասել, թե ճակատագիր էր: Այլ պետք է մասնագետներ բերել և իմանալ փլվելու պատճառները: Ո՞վ գիտե, գուցե բետոնի մեջ քիչ էր խառնված ավազը կամ անհրաժեշտ քանակությամբ երկաթ չէր դրված նրա մեջ, որոնք էլ փլվելու պատճառ էին եղել: Երբ ամեն ինչ օրենքով և կարգ ու կանոնով է լինում, փորձանքները հասնում են նվազագույնի, նվազում են նաև Աստծուն մեղադրողների թիվը: Մարդկանց անպատասխանատվության զոհ գնացողները թող Աստծուն պատասխանատու չդարձնեն:
Երկրորդ. Քանի որ մարդը կարող է որոշումներ իրականացնել, ուրեմն ճակատագիր գոյություն չունի: Երբ մարդը որևէ բան է որոշում և իրագործում, անկասկած հանդիպում է իր կատարածի հետևանքներին: Մարդու որոշումներով կատարած գործերի հետևանքները պետք չէ վերագրել ճակատագրին:
Երրորդ. Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով: Մարդիկ հաճախ իրենց ազատ կամքով են որևէ գործ կատարում և երբ որևէ փորձանքի մեջ են ընկնում՝ Աստծուն են մեղադրում: Բայց ինչո՞ւ մեղադրել Աստծուն, երբ Աստված երբևէ չի ստիպել մարդուն այս կամ այն գործը կատարել: Զարեհ Արք. Ազնավուրյանն այս մասին ասում է. «Չարը մարդու ազատ կամքի և գործերի արդյունք է»: Աստված մարդուն տվել է բացարձակ ազատություն, ընտրելու և անելու՝ ինչ ցանկանում է, ընտրելու չարը կամ բարին, մահը կամ կյանքը: Բայց Աստված մարդուն հիշեցնում է նաև, որ ընտրությունն ունի իր հետևանքները, որոնք անպայման մարդը կրում է: Մի սխալ որոշում ցավալի արդյունք կարող է ունենալ, որ մարդը կրում է անխուսափելիորեն: Աստված մարդուն ցույց է տալիս ուղիղ ճանապարհ, բայց չի կաշկանդում նրա ազատությունը՝ ընտրելու այն, ինչ ցանկանում է:
Օրհնությամբ՝ Տ. Վաղինակ վարդապետ Մելոյան