Oրվա ընթերցվածք
Բ Օրենք 9.11-23
11Քառասուն օր, քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե երկու տախտակները՝ ուխտի տախտակները։ 12Եվ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն արարք կատարեց քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, և որոնք այդքան շուտ շեղվեցին այն ուղուց, որ պատվիրել էի նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր պատրաստեցին”։ 13Տերն ինձ ասաց. “Մեկ երկու անգամ ասել եմ քեզ ու կրկին ասում եմ. Տեսա այդ ժողովրդին. այդ ժողովուրդը խստապարանոց է։ 14Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկնքի տակից և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են”։ 15Եվ վերադառնալով իջա լեռից՝ երկու տախտակներն իմ երկու ձեռքին, մինչ լեռը բորբոքված էր կրակով։ 16Տեսնելով, որ մեղանչել եք Տիրոջ՝ մեր Աստծու առջև, ձեզ համար ձուլածո կուռքեր եք պատրաստել, շեղվել եք այն ուղուց, որ Տերն էր պատվիրել, 17իմ ձեռքի երկու տախտակները ձեր աչքի առջև ջարդուփշուր արեցի։
18Տիրոջ առջև կրկին աղաչեցի, ինչպես առաջին անգամ, քառասուն օր, քառասուն գիշեր հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։ 19Ես վախենում էի նրա բարկությունից ու զայրույթից, որովհետև Տերը բարկացել էր ձեզ վրա ձեզ կոտորելու աստիճան։ Տերն այս անգամ էլ լսեց ինձ։ 20Նա խիստ բարկացել էր նաև Ահարոնի վրա, ուզում էր սպանել նրան։ Ես աղոթեցի Ահարոնի համար էլ, 21ձեր գործած մեղքը՝ հորթը, վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մեջ։
22Տիրոջը՝ ձեր Աստծուն, բարկացրիք նաև Հրայրյացում [Տավերա], Փորձությունում [Մասսա] ու Ցանկության գերեզմաններում [Կիվռոտ-Հատտաավա]։ 23Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքը, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին։
Հոբի գիրքը 16.1-17.16
Մարդկանց անարդարությունից դեպի Աստծու արդարությունը
1Հոբը նորից խոսեց ու ասաց.
2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ.
բոլորդ էլ չար մխիթարիչներ եք։
3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խոսքերի,
կամ մեկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։
4Ես էլ ձեզ պես կարող էի խոսել,
եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։
Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել,
ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։
5Գուցե իմ բերանում ուժ ունենայի
ու շրթունքներս չխնայեմ շարժելու,
6քանզի եթե խոսեմ, չի փարատվելու ցավը վերքերիս,
իսկ եթե լռեմ, ավելի քի՞չ եմ խոցոտվելու ես։
7Արդ, դարձրել է ինձ ջարդված,
փտած ու ընդարմացած։
8Ձեռքը գցել է ահա ինձ վրա։
Դեմս է կանգնեցրել իմ ստությունը,
երեսովս տվել պատասխաններս։
9Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ,
ատամ կրճտացրել իմ անձի վրա։
Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,
10աչքերի տեգով շարժվել ինձ վրա։
Իրար հետևից խփել է ծնկիս.
բոլորը մեկտեղ խուժել են վրաս։
11Տերն ինձ մատնել է ձեռքն անիրավի,
ամբարիշտների մեջ է գցել ինձ։
12Մինչ խաղաղ էի, քայքայել է ինձ,
քաշել մազերիցս ու փետել դրանք,
Թիրախ կանգնեցրել,
13տեգեր են պատել։
Երիկամներս են խոցել անխնա,
և իմ մաղձը գետնին է թափվում.
14ինձ կործանել են՝ հարված հարվածի վրա իջեցնելով։
Վրաս են հարձակվել զորավորները,
15և քուրձ են կարել իմ մորթի վրա։
Հանգել է գետնին իմ զորությունը.
16լալուց խաշվել են իմ աղիքները.
մահվան ստվերն է իջել կոպերիս։
17Անիրավություն չկար իմ ձեռքին,
և անարատ էր աղոթքն իմ հոգու։
18Երկի՛ր, մի՛ ծածկիր արյունն իմ մարմնի.
և տեղ չգտնվի իմ աղաղակի համար։
19Եվ ահա հիմա վկաս՝ երկնքում,
դատապաշտպանս՝ բարձունքում։
20Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի,
ու նրա առաջ աչքերս արտասվեն։
21Երանի մեկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ հանդիման,
ինչպես որ մարդը՝ իր ընկերոջը։
22Իմ տարիները հաշվված են արդ.
բռնել եմ արդեն անդարձի ուղին»։
Անհուսություն
1«Կորչում եմ հողմավար.
կարոտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։
2Նեղվում, տանջվում եմ. ի՞նչ եմ անելու։
3Օտարները գողացան իմ ունեցվածքը։
Այն ո՞վ է, որ իր ձեռքն իմ ձեռքի մեջ դնի։
4Քանի որ իրենց սրտերը հեռու պահեցին իմաստությունից,
ուստի չի բարձրացնի նրանց։
5Չարիք չարիքի վրա են պատմելու.
Աչքերս որդիներիս համար հալվեցին։
6Սերունդների չարախոսության ենթարկեցիր ինձ.
նրանց ծաղրանքի առարկան դարձա։
7Բարկությունից մթնեցին իմ աչքերը.
խիստ պաշարված եմ բոլորի կողմից։
8Ճշմարիտ մարդիկ զարմացած են այս ամենի վրա.
արդարը հիմա վեր է կենալու անիրավի դեմ։
9Հավատարիմը թող հաստատ մնա իր ճանապարհին,
իր մաքուր ձեռքով քաջալերություն թող ստանա։
10Բայց դուք էլ, ամենքդ, վե՛ր կացեք, եկե՛ք.
ձեր մեջ ես ճշմարտություն չեմ գտնում։
11Իմ օրերը գարշահոտության մեջ անցան.
սրտիս երակներն ամեն պայթեցին։
12Գիշերը ցերեկվա տեղ դրեցին նրանք.
լույսը մերժվեց մութի երեսից։
13Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը
և խավարի մեջ՝ փռված մահիճս։
14Մահվանը ինձ հայր կոչեցի,
փտությունը՝ ինձ մայր և քույր։
15Ո՞ւր է հույսն իմ, կամ բարիքներս պիտի տեսնե՞մ։
16Թե՞ այդ բոլորը պիտի գերեզման իջեցնեմ հետս.
կամ թե միասին հո՞ղն ենք իջնելու»։
Եսայու մարգարեություն 43.22-44.8
Տերը հանդիմանում է Հակոբին
22«Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Հակո՛բ,
և ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայե՛լ։
23Ողջակեզների ոչխարներ չմատուցեցիր ինձ
և ոչ էլ քո զոհերով փառավորեցիր ինձ.
քո ընծաներով չծառայեցիր ինձ,
և ոչ էլ ես նեղություն պատճառեցի քեզ՝
ծախսել տալով քո կնդրուկները։
24Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր,
և ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղա,
բայց քո մեղքերի ու անօրենությունների մեջ ուղղելու եմ քեզ։
25Ես եմ, ես եմ այն նույնը,
որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները
և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
26Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու.
նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։
27Նախ ձեր հայրերը մեղք գործեցին,
և ձեր իշխաններն օրինազանց եղան իմ հանդեպ։
28Իշխանները պղծեցին իմ սրբությունները,
ուստի Հակոբին կորստյան մատնեցի և Իսրայելը՝ նախատինքի»։
Տերն օրհնում է Հակոբի սերնդին
1«Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառա Հակոբ,
և դու, Իսրայե՛լ, որին ընտրել եմ։
2Այսպես է ասում Տերը՝ Աստված,
որ արարեց քեզ,
ստեղծեց քեզ որովայնից,
և տակավին օգնություն պիտի գտնես։
Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ,
և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։
3Ես ջուր պիտի տամ ծարավածներին,
որոնք ընթանում են անջրդի տեղերով.
իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա
և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։
4Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպես ջրարբի խոտը,
ինչպես ուռենին՝ հոսող ջրերի մոտ։
5Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես,
մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու,
իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով՝
“Ես Աստծուն եմ պատկանում”,
և հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի»։
6Այսպես է ասում Աստված՝
Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը.
«Ես եմ առաջինը և ես եմ վերջինը,
ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
7Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա,
ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած,
երբ ես արարեցի մարդուն,
նաև այն, ինչ գալու է.
մինչև գալը թող պատմեն ձեզ։
8Մի՛ զարմացեք և մի՛ շփոթվեք.
չէ՞ որ դուք սկզբից լսեցիք,
և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ անգամ կարող եք վկա լինել ինձ համար,
թե կա՞ այլ Աստված, բացի ինձնից»։